Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը, դեռևս չի ներկայացել իրավապահ մարմիններին, սակայն ունի նման ցանկություն:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց Օսիպյանի պաշտպանը` Կրոմվել Գրիգորյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե երբ է իր պաշտպանյալը պատրաստվում ներկայանալ և ցուցմունք տալ:
Կրոմվել Գրիգորյանի փոխանցմամբ` Սեդրակ Օսիպյանն իր մեղադրանքի շուրջ դեռևս ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Դանակահարության մեջ հիմնական կասկածյալը մինչ այս պահը եղել է Սեդրակ Օսիպյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: