ԵՂՎԱՐԴԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մայիսի 2-ին Հրազդան քաղաքի գերեզմանատան մոտ ինքնասպանություն գործած ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի մահվան առիթով հարուցված քրգործը կարճվել է: Մինչդեռ գնդապետ Կորյուն Հարությունյանի կինը` Գարունիկ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը համոզված է որ իր ամուսինը չէր կարող ինքնասպան լինել:

Հիշեցնենք, որ նշված օրը ոստիկանապետի դին գտել էին ծնողների գերեզմանի մոտ, գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա եղել էր իր «Նիսսան» մակնիշի 050 ՈU 03 համարանիշի ծառայողական ավտոմեքենայով: Ավելի ուշ տեղեկություններ էին տարածվել, որ Կորյուն Հարությունյանը մայիսի 1-ի կեսօրին աշխատանքից դուրս է եկել, չի պատասխանել հեռախոսազանգերին եւ չի վերադարձել: Վերջինս ուներ երկու երեխա. որդին ծառայում է հայոց բանակում, իսկ դուստրն ուսանող է:
Ըստ պաշտոնական տեղեկության` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Եվ ահա 7 ամիս շարունակ «հատուկ քննիչները», քննելով այս գործը, եկան այն համոզման, որ հարուցված քրեական գործը պետք է կարճել:
Իրավապահների այս որոշման մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ մահացածի քրոջ որդուց՝ Արմենից: Վերջինիս խոսքով` իրենք որեւէ վարկած չունեն, սակայն առաջադրված վարկածը, թե Կորյուն Հարությունյանն ինքնասպան է եղել, հավատ չի ներշնչում:
«Այդ պահին ինքը որեւէ խնդիր չի ունեցել: Նա երեկոյան տանից դուրս չի եկել, այլ առավոտյան գնացել է աշխատանքի, ու հետո մենք իմացել ենք դեպքի մասին»,-պատմեց Արմենը` նշելով, թե անձնական կյանքում քեռին թշնամիներ չուներ: Գուցե աշխատանքի բերումով ունեցել է, սակայն նրա ընտանիքի անդամներն այդ մասին չեն իմացել:
Հիշեցնենք, որ դեպքից հետո տեղեկություններն էին տարածվել, թե Կորյուն Հարությունյանի հարազատները մինչ նրան հայտնաբերելը մեկ օր փնտրել են: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմենը հերքեց այդ տեղեկությունը:
Մեզ հաջողվեց զրուցել նաեւ Կորյունի կնոջ` Գարունիկ Հարությունյանի հետ: Նրա խոսքով` կարճել են գործը, թե ինչ են արել, կարեւոր չէ, փաստ է, որ իրենք ունեն մեկ վստահություն, որ Կորյուն Հարությունյանը չէր կարող ինքնասպան լինել: «Առայժմ մենք ոչինչ չենք անի: Թե հետագայում ինչ կլինի, ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Միայն եւս մեկ անգամ կրկնում եմ՝ միանշանակ մենք համաձայն չենք ինքնասպանության վարկածի հետ»,-ասաց տիկին Գարունիկը` չցանկանալով խորանալ տեղի ունեցած դաժան իրադարձության մանրամասների մեջ:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գերեզմանում հրազենային վնասվածքների արդյունքում մահանում են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, սակայն այդ գործերը քննիչներն ավարտում են կարճման որոշումներով՝ պնդելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն:
2012թ. օգոստոսին հայտարարվեց, թե Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանն ինքնասպան է եղել Վանաձորում` իր մոր գերեզմանի մոտ: Գրիգորյանը ծնունդով այնտեղից էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Գրիգորյանն ինքնասպանություն էր գործել իրեն ամրակցված զենքով:
Անցած տարի` նոյեմբերին, Երեւանի Շահումյանի գերեզմանոցում հայտնաբերվեց 83-ամյա Մ. Զախարյանի դին: Պարզվեց, որ Զախարյանը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի հայրն է, ինքնասպան է եղել կնոջ գերեզմանի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս