ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵԼՔՈՎ
Դեկտեմբերի 28-ին Իջեւանում` Տավուշի մարզպետարանում, պետք է կայանա «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Մեր տեղեկություններով՝ առողջապահական այս հիմնարկության տնօրենի պաշտոնին հավակնում են Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն Սիլվա Պետրոսյանը եւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը:
Հարց կարող է ծագել, թե ինչու է «Էրեբունի» բ/կ-ի տնօրենը, թողած իր մեծ հիմնարկը, ցանկանում դառնալ Երեւանից 100 կմ հեռավորությամբ գտնվող Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն: Ուշագրավ է, որ Ռոստոմյանը մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է սահմանված ժամկետի ամենավերջին օրը:
Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի ցանկացել, որ Սիլվա Պետրոսյանը մասնակցի Դիլիջանի բ/կ-ի տնօրենի պաշտոնի մրցույթին: Մարզպետն ամեն կերպ խոչընդոտել է նաեւ տիկին Պետրոսյանի կադրային քաղաքականությունը՝ Երեւանից բժշկական կենտրոն հրավիրելով նոր վիրաբույժի: Նշենք, որ Դիլիջանի բ/կ-ն կրում է Սիլվա Պետրոսյանի վաղամեռիկ ամուսնու՝ ավտովթարից զոհված Վլադիմիր Ավանյանի անունը: Վերջինս 1989-2007թթ. հաջողությամբ ղեկավարել է Դիլիջանի հիվանդանոցը՝ բարի հետք թողնելով դիլիջանցիների հիշողության մեջ:
Դիլիջանում բացվելու է միջազգային դպրոց, գործում է կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոն: Բնականաբար, ավելանալու են դրանցում ներգրավվածների առողջապահական սպասարկման համար նախատեսված գումարները: Եվ այդ գումարների տնօրինման հետ կապված՝ Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրենի առաջիկա մրցույթի ելքը կանխատեսելի է:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ
Իշխանությունները «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս հայկական բաժնեմասը ռուսներին հանձնելուց առաջ փորձում են աննշան հարցերում, այնուամենայնիվ, «հետողորմյա» անել: Կառավարությունը հիմա փորձում է «Հայռուսգազարդ»-ը հանձնելուց առաջ մեկ-երկու աննշան բան պոկել իր համար: Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է սեփականության իրավունքով «Հայգազարդ»-ին պատկանող Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից մինչեւ Բագրատաշեն գյուղն ընկած տարածքում գտնվող գազատար խողովակները ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնելու որոշման նախագիծ: Ըստ այդմ՝ կառավարությունը մտադիր է գազատար խողովակները ներդնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում: Սա, թերեւս, առավելագույնն է, որ կարող են անել իշխանությունները:
ՄԻԱՅՆ ՄԵՆՔ ՉԵՆՔ
Պաշտոնական Բիշքեկը համաձայնել է ռուսական «Գազպրոմ»-ին վաճառել Ղրղըզստանի պետական գազային ընկերությունը։ «Ազատության» հաղորդմամբ` «Գազպրոմ»-ը «ՂրղըզԳազ»-ը կգնի մեկ դոլարով՝ պարտավորվելով երկրի գազային ենթակառուցվածքներում 655 միլիոն դոլարի ներդրում կատարել։
ԱՅՐՎԵԼ Է
Նախօրեին ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով համայնքում անասնագոմ է այրվել: «Ժողովուրդ»-ն Օրգովի համայնքապետ Արայիկ Մանուկյանից տեղեկացավ, որ այրվել են համայնքի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմի եւ թոնրատան ընդհանուր տանիքի կառուցատարրերը` 50 քմ, տանիքում` 250-300 հակ անասնակերը եւ աթարը` 4 խմ: Նշենք, որ եղած անասնակերն ընտանիքը հավաքել էր անասուններին ձմռանը կերակրելու նպատակով: «Բարեբախտաբար, անասուններին շուտ հանեցինք դուրս: Ավելի շատ վնասվել էր տանիքը: Հիմա համայնքի բնակիչներով հավաքվել են, որպեսզի տուժած ընտանիքին անասնակեր կամ անասնագոմի մատերիալ տան»,-ներկայացրեց համայնքապետը՝ նշելով, որ դեռ անհայտ են հրդեհի ծագման պատճառները:
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ
«Ժողովուրդ» օրաթերթի դեկտեմբերի 12-ի համարում «Ժամանակին տվե՛ք ինձ հասանելիք ողորմությունը» վերնագրով հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ քաղաքացի Ալլա Իսրայելյանը բողոքում է 16-րդ թաղամասի թիվ 38 շենքի առաջին հարկում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից Թագուհի Չաուշյանի աշխատելաոճից: Նա նաեւ տեղեկացրել էր, որ Թ. Չաուշյանը տեւական ժամանակ թոշակ բաժանելիս Ալլա Իսրայելյանից վերցրել է 23,368 դրամ թոշակի 368 դրամը: Ինչից հետո տիկին Ալլան սկսել է իր թոշակը ստանալ բանկային քարտով: Բացի այդ՝ քաղաքացին պատմել էր, որ նպաստ ստանալու օրը տեսել է, թե ինչպես է Թ. Չաուշյանը գումար դնում պայուսակն ու դուրս գալիս փոստից, իսկ իրեն ասում, թե գումար չկա: Այս հրապարակմանն արձագանքել էր Թագուհի Չաուշյանը: Նա տեղեկացրել էր, որ Ալլա Իսրայելյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը. «Ես իմ այսքան տարիների չարչարանքը, հարգանքը հողին չեմ ուզում հավասարվի: Նա իմ անձը վիրավորել է: Ես երբեք ոչ մի թոշակառուից ոչ մի կոպեկ չեմ վերցրել: Իր կողմից արված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը»: Սակայն Ալլա Իսրայելյանը շարունակում է հակառակը պնդել: Նա նույնիսկ պատրաստ է ապացուցել իր խոսքերը: