Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալու են առաջին համաժողովրդական նախագահական ընտրությունները. մինչ այժմ նախագահին ընտրում էր խորհրդարանը:
Նախագահի թեկնածուների վերջնական ցանկը հետևյալ տեսքն ունի` երկրի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Ռեջեփ Թայիպ Էրդողան, քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» կողմից առաջադրված Սոլահաթթին Դեմիրթաշ, Իսլամական համագործակցության կազմակերպության քարտուքար, հինգ ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրվող Էքմելեդդին Իխսանօղլին:
Թեկնածուներից կհաղթի նա, ով կստանա ձայների 50%-ը + 1 ձայն: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի անհրաժեշտ քանակությամբ ձայներ ստանալ, 2 շաբաթ անց կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:
Սպասվում էր, որ ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի նաև ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը, սակայն նա հրաժարվեց դա անել:
Շատ թուրք փորձագետներ կարծում են, որ չնայած երկրում առկա քաղաքական ակտիվությանը, Էրդողանն առաջին իսկ փուլում կհաղթի իր մրցակիցներին:
Մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել ընդդիմության միասնական թեկնածուին՝ Իսխանօղլուն, ով հայտնի է իբրև լավ դիվանագետ և ինտելեկտուալ մարդ: Այդ հատկությունները, դժվար թե, բավարար լինեն թուրքական բարդ մուսուլմանական բազմամիլիոնանոց հասարակության վստահությունը վայելելու համար, սակայն այն փաստը, որ ընդդիմությունը կարողացել է միասնական թեկնածուի շուրջ պայմանավորվել, խոսում է նրա լավ ներուժի մասին. գրում է rosbalt.ru-ն: