«ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը 2013 թվականը բարեհաջող է համարում ոչ միայն անձամբ իր, այլեւ թատրոնի համար։

-Սեպտեմբերի 21-ին պարգեւատրվեցի «Մովսես Խորենացի» մեդալով, որը, իհարկե, ոչ միայն իմ, այլեւ թատրոնի ձեռքբերումների գնահատականն է։ Այս տարվա ապրիլի վերջին ավարտվեցին մեր բեմի վերազինման՝ մոտ մեկ տարի տեւած աշխատանքները, նորամուտի երեք հանդիսավոր գալա համերգ ունեցանք՝ ապրիլի 27-ին, 29-ին եւ մայիսի 30-ին։ Դրանց մասնակցեցին թատրոնի լավագույն կատարողական ուժերը՝ մեներգիչները, բալետի պարողները եւ թատրոնի նվագախումբը։ Մեկ տարվա դեգերումներից հետո մայիս ամսից սկսեցինք մեր բնականոն աշխատանքները՝ ունենալով արդեն հրաշալի, ժամանակակից տեխնիկայով հագեցած բեմ։ Աշխատել ենք շատ լարված եւ ծանրաբեռնված մայիսից մինչեւ դեկտեմբերի 26-ը՝ վերջին օպերային ներկայացումը։ Մեծ շուքով նշեցինք Վերդիի ծննդյան 200, Բրիտտենի՝ 100-ամյակը, Ռիմսկի-Կորսակովին նվիրված ծրագիր իրականացրինք… Շատ բազմաժանր եւ բազմածավալ աշխատանքներ կատարեց մեր սիմֆոնիկ նվագախումբը։
Ի՞նչը կիսատ մնաց։
-Այս տարի պետք է Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան լիներ, բայց քանի որ ծանրաբեռնվածությունը շատ է եղել, շատ բարդ պրոցես ենք անցել, չհասցրինք։ Պրեմիերան կլինի մյուս տարվա առաջին կիսամյակում։ Միայն հիշեցնեմ, որ 10-12 բալետային, մի այդքան էլ օպերային ներկայացում ունենք, եւ այդ բոլորի լուսային ծրագրերը պետք է հավաքվեն նորովի, որպեսզի ներկայացումները կայանան։ Իսկ դա մեզնից շատ մեծ աշխատանք է պահանջում։ Բացի այդ՝ վերանորոգման ընթացքում մեր ներկայացումները մեկ տարի չէին խաղացվել (Հայաստանում օպերային ուրիշ բեմ չկա), միայն բալետային որոշ ներկայացումներ դրսում ենք խաղացել։ Եվ, բնական է, հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայանալու համար նաեւ լրացուցիչ փորձերի անհրաժեշտություն կար։
-Ինչո՞վ կուրախացնեք եկող տարի։
-Կունենանք բալետային նոր ներկայացում, որի անունն այս պահին չեմ տա. նախ՝ անակնկալ կլինի, երկրորդն էլ՝ բանակցում ենք շատ հայտնի բեմադրող բալետմեյստերի հետ։ Ինչպես նշեցի, կբեմադրենք «Կարմեն»-ը, պետք է աշխատենք, որ հասցնենք նաեւ «Բոհեմ» օպերան։ Մեր սիմֆոնիկ նվագախումբն ԱՄԷ-ից հրավեր ունի՝ սիմֆոնիկ գալա համերգի ծրագրով։ Այս տարի սեպտեմբերին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով հանդես եկանք Քաթարում, եւ հիմա նրանք մեզ նորից հրավիրել են՝ այս անգամ երկու ներկայացմամբ։ Ընդհանրապես օպերային եւ բալետային աշխարհում ընդունված բան կա. եթե երկրորդ անգամ նույն տեղն են հրավիրում, ուրեմն ներկայացումը հաջողված է եղել։ Ցանկանում ենք ներկայացնել «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը, «Դոն Կիխոտ»-ը։ Մոսկվայից «Սպարտակ» բալետը Ճապոնիա տանելու առաջարկ է եկել։ Ճապոնիայում շատ բարձր են գնահատում Արամ Խաչատրյանին, շատ սիրում են, եւ մենք հիմա արդեն համապատասխան փաթեթն ենք պատրաստում, որ ուղարկենք Ճապոնիա։
-Մոտենում է Ամանորը։ Սովորաբար այն ինչպե՞ս եք նշում։
-Երիտասարդական տարիներին ապրել եմ մեր առանձնատանը, եւ մեր ընտանիքում ավանդույթ էր, որ բոլորը՝ քույրս, եղբայրս, իրենց ընտանիքներով հավաքվում էին մայրիկի մոտ։ Հիմա այնպես է ստացվել, որ ես եմ մեր տան մեծը, ու մեր տանն ենք հավաքվելու, նշելու Ամանորը։
-Ի՞նչ կմաղթեք ժողովրդին:
-Ես կմաղթեմ, որ հայոց երկնակամարում ոչ մի անգամ հրազենի ձայն չհնչի, կուզենամ, որ մեր ընտանիքները խաղաղ լինեն, որ մեր ժողովուրդը եկող տարի ապրի մի քիչ ավելի արժանապատիվ (նկատի ունեմ սոցիալական պայմանները), ավելի բարեկեցիկ կյանքով։ Իհարկե, նույնը ցանկանում եմ մեր թատրոնի բոլոր աշխատակիցներին, ովքեր պարզապես իրենց գործի նվիրյալներ են, եւ եթե այդպիսին չլինեն, մեր աշխատանքները ջուրը կընկնեն, չեն լինի մեր լավ ներկայացումները, լավ պրեմիերաները, համերգները։ Նույնը մաղթում եմ նաեւ «Ժողովուրդ» թերթի աշխատակիցներին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս