Հրթիռային ռմբակոծման վտանգի պատճառով աշխարհի շատ խոշոր ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները Թել Ավիվ: Հուլիսի 22-ին պաղեստինյան տարածքից արձակած հրթիռը ընկել է Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու: Այն գտնվում է Թել Ավիվից 14 կմ հեռավորության վրա: Քաղաքի ոստիկանության տվյալներով, մեկ տուն փլուզվել է, քաղաքի երկու բնակիչներ՝ վիրավորվել:
Lufthansa, Swiss, Austrian Airlines և Germanwings ավիաընկերություններն արդեն հայտարարել են 36 ժամով Թել Ավիվ կատարվելիք թռիչքները հետաձգելու մասին: Տոմսեր ձեռք բերած ուղևորները կարող են փոխել դրանք կամ ետ ստանալ իրենց գումարները:
Օդում գտնվող ինքնաթիռները ավիաընկերությունների ղեկավարության որոշմամբ ետ կամ այլ օդանավակայաններ են ուղարկվել: Օրինակ, ամերիկյան Delta Airlines-ի որոշմամբ, Նյու Յորքից թռչող«Բոինգ-747»-ը Միջերկրական ծովի վրա փոխել է ուղղությունը և մեկնել Փարիզ: