Կառավարությունը վետերաններին 11 միլիոն դրամ կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր բյուջեում վերաբաշխում անելու որոշում կայացրեց, որը կապված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի հետ:

Վերաբաշխման միջոցով «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ-ին 5 միլիոն դրամ գումար կհատկացվի: Կարևորելով վետերանների ունեցած մեծ ավանդը Հայաստանի Հանրապետության կայացման գործում՝ կառավարությունը նպատակահարմար է գտնում ՀԿ-ին տրամադրել այդ գումարը՝ հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

Նախատեսվում է` «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ-ի հայեցողությամբ՝ տրամադրվող 5 միլիոն դրամն ուղղել կարիքավոր վետերաններին դրամական բավարարմանը և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումների իրականացմանը:

Իսկ մեկ այլ որոշմամբ կառավարությունը ընթացիկ տարում, Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով, կհատկացնի ևս 6 միլիոն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Այս որոշմամբ կառավարությունն ակնկալում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից 50 վետերանի տրամադրել առողջարանի ուղեգիր, ինչը հնարավորություն կտա կազմակերպելու նրանց հանգիստն ու առողջության վերականգնումը:




Լրահոս