Այսօր կառավարության շենքի մոտ էր եկել Վերնիսաժի տարածքում ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսայի կրակոցներից ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը:
Նա ներկայացրեց որդու առողջական վիճակի հետ կապված մանրամասներ և պատմեց, թե Կարո Կարապետյանը անձամբ է սպառնում ընտանիքին, որ որդին կեղծ ցուցմունք տա դատարանում:
Արդեն կառավարության նիստից հետո լրագրողները Վերնիսաժի գործի հետ կապված հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Նախարարը, սակայն, խնդրեց իրեն տալ հարցեր, որոնք իր լիազորություններին են վերաբերում:
«Ինչքան գիտեմ՝ նախաքննություն է ընթանում, և նախաքննության վերաբերյալ չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել, որովհետև ինքս իրավաբան եմ և աշխատել եմ իրավապահ համակարգում, դատավոր եմ եղել, և հասկանում եմ դրա անիմաստությունը, սխալը, հատկապես եթե գործը գտնվում է նախաքննության փուլում: Իհարկե, քաղաքական գործիչները և մամուլը կարող են իրենց թույլ տալ նման հայտարարություններ անել, բայց ես կառավարության անդամ եմ, արդարադատության նախարարն եմ և չեմ կարող ինձ նման շռայլություններ թույլ տալ»,- ասաց նախարարը:
Հավելենք, որ Վալերի Հովհաննիսյանը նաև նշել է, թե նամակով դիմել է Սերժ Սարգսյանին և հիմա խնդրում է, որ այս գործը նախագահը վերցնի անմիջական հսկողության ներքո: