Թբիլիսիի հայկական եկեղեցում տեղի ունեցածը կենցաղային վեճ էր. Հ. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նախկինում զբաղեցնում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը,  այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում օրերս տեղի ունեցած միջադեպին և այն որակեց որպես կենցաղային վեճ:

«Ցավում եմ Թբիլիսում տեղի ունեցած միջադեպի համար: Իմ տեղեկություններով՝ դա եղել է կենցաղային վեճ, որը, ցավոք սրտի, վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ»,– նշեց նա՝ հավելելով, որ այստեղ նաև կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր կա։

Նա նշեց, թե միջեկեղեցական հարաբերությունների, հայ և վրաց ժողովրդի հարաբերությունների ջերմացման  համար գործիքներ պետք է ստեղծել, որովհետև Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:

Նախարարը հավելեց, որ չի կարծում, որ տեղի ունեցածը Վրաստանի իշխանությունների ձեռքի գործն է, թեև ավելացրեց, որ միջեկեղեցական հարաբերությունների խնդիրներ, այդուհանդերձ,  հայ և վրաց եկեղեցիների միջև կա:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա։




Լրահոս