«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի թեմային, հայտարարել է, որ նախկինում դատապարտված տնօրենը, ում դատվածությունը մարվելու է մեկ տարի անց, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն:
Անահիտ Բախշյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«…Այսօր` թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը:
Կարծում եմ՝ Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թ.174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը) և արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլն անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն, անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔ չկա:
Այսպես չի կարող շարունակվել, պարոնա՛յք պաշտոնյաներ. դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները»:
Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականին վերոնշյալ դպրոցի մի քանի արդեն նախկին մանկավարժներ դատական գործընթաց էին սկսել տնօրեն Սուսաննա Սարգսյանի կայացրած հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնվելու, հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջներով:
Բացի այդ, դպրոցում կատարված չարաշահումների փաստով փետրվարի 20-ին Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) հիմքերով: Քրեական գործը հարուցվել էր դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա: