Վ. Ավետիսյանն ավելի՞ վտանգավոր հանցագործ է, քան ԲՀԿ առաջնորդի` կրակոցներ արձակած ազգականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում հնչեցրած կրակոցների գործով կասկածյալներ Էդվին Թադևոսյանն ու Վարդան Հարությունյանը դեպքից 4 օր անց ստորագրությամբ ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ ազգականները բենզալցակայնում արձակած կրակոցներից հետո ձերբակալվել էին. նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի զենք կրելը), որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Փորձենք վերոնշյալ դեպքը համադրել օրերս առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն հայ ազատամարտիկների, այլև՝ հայ հասարակության, և ավելորդ չհնչի, նաև քաղաքական որոշ կուսակցությունների շրջանում:

Հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկ, կայազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ավելին, դատարանը` որպես փոխհատուցում, նրանից բռնագանձեց 2 հազար ԱՄՆ դոլար, հենց այն գումարը, որը, իբր, ազատամարտիկը կաշառք էր վերցրել:

Ընդամենը մեկ օր առաջ էլ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը հայտարարություն արեց դատարանի դահլիճից, թե «Հայաստանում արդարադատությունը` արդարությունը դատելու ֆունկցիան է»:

ՀՀ իրավապահ մարմինների տրամաբանությունից դատելով` կարելի է ենթադրել, որ 6 երեխա ունեցող ազատամարտիկը, ում ընտանիքը հայտնվել է սոցիալապես ծանր պայմաններում, առավել վտանգավոր հանցագործ է, քան հանրային տարածքներում իրար վրա կրակոցներ հնչեցնող ազգականները:

Եզրահանգման գալով` նկատենք, որ վարույթն իրականացնող մարմնի դրսևորած տարբեր մոտեցումները մեր օրերում դժվար չէ բացատրել. Վոլոդյա Ավետիսյանն անկուսակցական, հայրենասեր: Կամ, ինչպես շարունակ պնդում են ազատամարտիկներն ու Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը, Ավետիսյանը իշխանությունների քաղաքականության զոհն է: Իսկ Էդիկ Թադևոսյանն ու Վարդան Հարությունյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` թշնամանքի մեջ գտնվող ազգականներն են. սրանով, կարծում ենք, ամեն ինչ ասված է:

Ինչևէ, որքան էլ ազատամարտիկի պաշտպանը վճիռը բողոքարկի վերադաս ատյաններ, այդուհանդերձ իրադարձությունների ընթացքը կանխատեսելի ու բոլորի համար սպասված կլինի:

Տաթև Հարությունյան




Լրահոս