Ներկայացնում ենք Համահայկական բնապահպանական ճակատի դիմումը ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանին.
«Բազմաթիվ Փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ անվերահսկելի շահագործման հետեւանքով Եղեգիս գետի ավազանի էկոհամակարգն հայտնվել է աղետալի վիճակում: Այստեղ արդեն իսկ գործում են 12 ՓՀԷԿ, եւս 8-ն էլ նախատեսվում է կառուցել եւ շահագործել: Օրեր առաջ Եղեգիսի վրա շահագործվող թվով 8 ՓՀԷԿ-երի տարածքների տեղազննման արդյունքում համոզվեցինք, թե ինչ ցավալի վիճակում է հայտնվել գետը:
Նախքան իրական պատկերը համապարփակ եւ մանրամասն ներկայացնելը, խնդրում ենք Ձեզ կոնկրետ միջոցներ ձեռնարկել Եղեգիս գետի վրա, ծովի մակարդակից 1615 մետր բարձրության վրա ջրառ կատարող ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, քանի որ ջրըունդիչ կայանում բնապահպանական թողքն ընդհանրապես բացակայում էր, իսկ ձկնուղին ամբողջովին չոր էր: Դրանում կարող եք համոզվել՝ նայելով կից ներկայացված լուսանկարները:
Խնդրում ենք տեղեկացնել մեզ նախարարության ձեռնարկած միջոցառումների մասին»: