Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը, այսօր «Ազատության» հետ զրույցում խոսելով սահմանների անվտանգության մասին, մասնավորապես, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք», – նշեց նա: Տեխնիկական միջոցներ հնարավոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատվածներում, որոնցում չկա հակառակորդի անմիջական ազդեցությունը և որտեղ դիրքերը միմյանցից հեռու են, ասում է Օհանյանը:
Պաշտպանության նախարարը նշում է, որ այսօր փորձարկումների փուլում են սահմանային անվտանգության հայրենական սարքեր․ -«Անկասկած, համագործակցում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք կա՛մ առաջարկություններ են անում, կա՛մ նաև մեր պատվերներն են կատարում՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ ենք համագործակցում»:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում: