Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով և, ըստ այդմ, իրենց բարձր ինտելեկտին ու խորը գիտելիքներին համապատասխան ընդդիմախոսներ չեն գտնում: Երբ նրանց բանավեճի ես հրավիրում, նրանք սովորաբար ասում են՝ «բեր իմ կալիբրի այսինքն՝ տրամաչափի մարդ»: Իսկ մեր գործիչների, պատգամավորների «կալիբրը» մոտավորապես հավասար է Հենրիկի Քիսինջերին կամ, ծայրահեղ դեպքում, Մարգարեթ Թետչերին: Հարց է ծագում՝ եթե նրանք այդպիսի հանճարներ են, ինչո՞ւ Հայաստանն իր բարեկեցության մակարդակով չի մոտենում Քիսինջերի և Թետչերի երկրներին:
Իհարկե, բանավեճի մշակույթը բացակայում է ոչ միայն քաղաքական գործիչների մոտ: Փորձեք, օրինակ, բանավեճ կազմակերպել «նարեկական» և «հականարեկական» ճարտարապետների միջև: Նրանք իրար մասին նույնիսկ ավելի վատ են խոսում, քան ՀՀԿ-ականները՝ էրդողանի մասին. «Տո էդ բոմժն ով ա, որ ես իրա հետ բանավիճեմ: Դու հլը մի հատ նրա գծագրած շենքերը նայի»: Այսինքն՝ այստեղ էլ «կալիբրի» խնդիր է առաջանում: Չնայած, ինչպես հայտնի է, ոչինչ այս երկրավոր կյանքում հավերժ չէ: 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ առաջին նախագահը ի պատասխան լրագրողի հարցի ասաց. «Հարյուր տարի էլ անցնի՝ ես Քոչարյանի և Օսկանյանի ասածները չեմ մեկնաբանի»: Արժանի չէին, այդպես եմ հասկանում: Անցավ ոչ թե 100, այլ ընդամենը 4 տարի, և Օսկանյանը, հետևաբար նաև՝ Քոչարյանը դարձան միանգամայն արժանի դաշնակիցներ՝ «ռեժիմի» դեմ պայքարում: Այնպես որ՝ «կալիբրը» նույնպես փոփոխական է»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։