ՀՀԿ ԿՐԾՔԱՆՇԱՆԸ ՉԷՐ ՓԱԿՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի եւ կառավարության հետ վերջը հարց ու պատասխանից հետո «Ժողովուրդ»-ը բլից զրույց ունեցավ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Հայտնի է, որ պարոն Հարությունյանի անունը Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում սխալ է գրված:  
-Դուք Ձեզ հաջորդ կառավարության կազմում տեսնո՞ւմ եք:
-Ես առաջին հերթին քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ եւ բնականաբար, իմ իրավունքների եւ պարտականությունների շրջանակում իմ աշխատանքը կատարում եմ: Ազգային Ժողովի ընտրություններից հետո, կարծում եմ, ամեն ինչ պարզ կլինի: Դա նաեւ կախված է լինելու, թե ինչ արդյունքներ ենք ցուցաբերելու: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մեր հնարավորությունների սահմանում մեր կուսակցության համար գործունեություն ծավալենք, գաղափարները քարոզենք, որ ցուցանիշներ ունենանք, որպեսզի հետագայում մեր գործունեությունը ծավալենք եւ գործադիրում նույնպես:
-ՀՀԿ-ում Ձեզ կոնկրետ ի՞նչ հանձնարարություն է տրվել: Հաշվի առնելով Ձեր ունեցած հեղինակությունը` Ձեզ ո՞ր ճյուղի պատասխանատու են դրել:
-Ոչ մի ճյուղի:
-Այսինքն` կուսակցությունը Ձեզ որեւէ հանձնարարություն չի՞ տվել:
-Ո՛չ:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք ասում կքարոզենք, կաշխատենք: Որտե՞ղ:
-Աշխատանքից դուրս՝ հանգստյան օրերին, իմ բնակավայրում` Եղվարդում, եւ այն տարածքներում, որտեղ կա հնարավորություն իմ ընկերներին ու բարեկամներին, կուսակիցներին քարոզելու:
-Ինչքա՞ն գումար եք նախատեսում ծախսել ՀՀԿ-ի քարոզարշավի վրա:
-Ես գումար չեմ նախատեսել, որովհետեւ այդ գործառույթները կենտրոնացված են շտաբում: Ես ինքս չեմ ծախսելու:
-Կուսակցության հիմնադրամի՞ն էլ գումար չեք փոխանցելու:
-Ո՛չ:
-Դուք Հանրապետական կուսակցության ցուցակում զբաղեցնում եք 51-րդ հորիզոնականը` Արա Հարությունյան անվամբ: Նեղացա՞ծ չեք այդ անտարբեր վերաբերմունքից:
-Ճիշտ հակառակը, ես շատ ոգեւորված եմ, շատ լավ համար է, եւ մենք թիմային աշխատանքի կողմնակից ենք, եւ համոզված եմ, որ թիմում չպետք է քննարկեն համարի տեղի, առաջի ու հետի հարցերը: Դրա ժամանակներն անցել են: Ես երկու շրջանի պատգամավոր եմ եղել, գոնե ինձ համար անցել են: Իսկապես անհրաժեշտ է` թիմային աշխատանքով լավ արդյունքներ ունենանք: Համոզված եմ, որ մեր ցուցակն այնպիսին է, որ յուրաքանչյուր հորիզոնականի ուժերը կկարողանանք օգտագործել պառլամենտում:
-Չե՞ք վիրավորվել, որ Ձեր անունը սխալ են գրել` Արա Հարությունյան:
-Այնուամենայնիվ, դրան ուշադրություն չեմ դարձրել: Ճիշտը պաշտոնական հայտարարությունն է, պաշտոնական տվյալները: Կարծում եմ` ԿԸՀ-ում գրանցվելուց հետո ճիշտ տվյալները բոլորը կիմանան:
-Ինչո՞ւ Ձեր կոստյումի վրա չկա ՀՀԿ-ի կրծքանշանը:
-Որովհետեւ մյուս կոստյումի վրա է, չեմ կարողացել տեղափոխել: Ես կրծքանշաններ շատ ունեմ:
-Ադամանդակո՞ւռ:
-Շատ ունեմ:
-«Օրինաց երկիր» կուսակցությունն էլի հզորանում է, իշխանության մեջ է, չե՞ք ափսոսում, որ լքեցիք ՕԵԿ-ը:
-Ո՛չ, չեմ ափսոսում: Արդեն բավականին երկար ժամանակ է` 1997-1996 թվականից ես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ չեմ: Այսօր ՕԵԿ-ը կոալիցիայի մեջ է, եւ շատ ուրախ կլինեմ, որ իրենք էլ լավ արդյունքներ ունենան:
Հ.Գ. Այստեղ նախարարին «շեղեցին» ՀՀԿ-ական նրա ընկերները` նրան ուղեկցելով խմբակցության սենյակ:

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս