ԳԼԽԱՊԱՏԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը երկու ամսվա մեջ` հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ` Մինսկում կայացած ՄՄ անդամ երկրների գագաթնաժողովից մինչեւ նախօրեի մոսկովյան նիստը, Հայաստանի Հանրապետությունը Սերժ եւ Տիգրան Սարգսյանների ձեռամբ, մեկը մյուսի հետեւից ստորագրեց այնպիսի քանակության եւ այնպիսի կարեւորության պայմանագրեր, որոնք մարսելու, վերլուծելու եւ գնահատելու համար հսկայական ժամանակ է անհրաժեշտ: Խնդիրն այն է, սակայն, որ այդ ամենն արդեն լինելու է պոստֆակտում, երբ գնացքը վաղուց գնացած կլինի, իսկ այդ պայմանագրերի` մեզ համար անցանկալի կետերն էլ` լիակատար ուժի մեջ:
Առհասարակ Մաքսային միությանն անդամակցելու այս ողջ պատմության մեջ ամենամութն այն հարցն է, թե ինչու են ՀՀ իշխանություններն այդքան գլխապատառ նետվում ՄՄ գիրկը, ինչու են բոլոր փաստաթղթերն այնպիսի արագությամբ ստորագրում, որ, ինպես Երեւանում նկատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուսական կողմն անգամ չի հասցնում «հայ գործընկերների հետեւից»: Ի վերջո, այս հարցը պիտի՞ ունենա տրամաբանական բացատրություն: Առայժմ ՀՀ իշխանական շրջանակներից այդպիսիք չեն հնչել:
Իրականում դրա համար կարող են լինել մի քանի պատճառներ, որոնցից ամենաառաջինն այն է, որ Սերժ Սարգսյանը հասկանում է` եթե մի քիչ էլ գործընթացը ուշանա, ապա գազային համաձայնագրով Հայաստանը լիակատար կախվածության մեջ դրած Ռուսաստանը մնացած մի քանի մանր-մունր հզորություններն էլ իրենով կանի, եւ Հայաստանը Ռուսաստանի համար վերջնականապես կկորցնի իր հետաքրքրությունը: Իսկ այդ դեպքում Պուտինն այլեւս ջանք չի գործադրի համոզելու Ղազախստանին կամ Բելառուսին, որպեսզի նրանք համաձայնեն իր հեռավոր ծայրագավառին հավասարազոր անդամի կարգավիճակով ընդունել Մաքսային միություն:
Եվ եթե ոմանք ի պատասխան կարող են ասել, թե` ավելի լավ, այդ դեպքում մենք չենք անդամակցի եւ ոչ մի վերազգային կառույցի եւ մեր ինքնիշխանությունը կորցնելու խնդիր չենք ունենա, ապա նրանք, ցավոք, կսխալվեն: Քանի որ Հայաստանն արդեն իսկ դե ֆակտո կորցրել է ինքնիշխանությունը` երկրի ողջ էներգետիկ համակարգը հանձնելով Ռուսաստանին: Եթե երկրի անվտանգության երեք հիմնական բաղադրիչներից ռազմական եւ էներգետիկ անվտանգությունը կախված է բացառապես մեկ երկրից, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի նաեւ տնտեսական անվտանգության լիակատար կախվածության նույն այդ երկրից: Հետեւաբար` այս պարագայում ինքնիշխանության մասին խոսակցություններն արդեն դառնում են շքեղություն, որը մեզ թույլ տալ չենք կարող: Իսկ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում գոնե տնտեսական անվտանգության առումով որոշակի հեռանկարներ` ի դեմս բելառուսական եւ ղազախական շուկաների, կարող են բացվել:




Լրահոս