Սերժ Սարգսյանի իշխանությունը, հասկանալով, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ի վիճակի չէ կառավարել խորհրդարանը, այնտեղ էր հրավիրել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին: Բայց անգամ նա երեկ չկարողացավ 66 պատգամավորների հավաքել «իրար գլխի»:
Մի քանի անգամ «տարած, հետ բերած» «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երեկ պատուհաս էր դարձել հանրապետականների գլխին: Վաղ առավոտից ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նյարդերը պրկված էին: Խորհրդարանի բազմազբաղ ու մի քիչ էլ ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից նեղացած պատգամավորները տարբեր պատճառներով սկսել են բոյկոտել ԱԺ նիստերը, չեն հաճախում, հեռախոսներն էլ անջատում են: Խմբակցության աշխատակցուհիները անվերջ զանգեր էին կատարում, միջանցքներում անգամ պատգամավորներին բարձրաձայն զգուշացնում էին, թե «չգնաք, քվեարկություն կա»: Բայց իրավիճակը չէր փոխվում: Երեկ մեր երկրում չկար 66 պատգամավոր, որպեսզի «անհրաժեշտության դեպքում բանակը ժողովրդի դեմ հանելու մասին» օրինագիծը անխոչընդոտ ընդունվեր ԱԺ-ում: Անգամ Հովիկ Աբրահամյանն էր օգնության հասել եւ կարողացավ այնպես անել, որ ընդամենը 59 պատգամավորներով 67 հոգու փոխարեն քվեարկեցին եւ ամբողջությամբ ընդունեցին այդ չարաբաստիկ օրենքը: Միայն «Ժառանգություն»-ից Լարիսա Ալավերդյանն էր պայքարում: Դաշնակցությունից մի քանիսը պարզապես չքվեարկեցին:
Երբ օրինագիծը երրորդ ընթերցմամբ դրվեց քվեարկության, ԲՀԿ-ական տիկնայք, որ նախորդ քվեարկությանը ՀՀԿ-ի սրտով չէին սեղմել կոճակը, համապատասխան հրահանգը ստանալուց հետո կողմ քվեարկեցին:
Եւ այսպես, ՀՀ ԱԺ պատգամավորները, կատարելով պետական հանցագործություն, գոհ ու երջանիկ դուրս եկան դահլիճից: Միջանցքում նրանք քչփչում էին, թե ով որտեղ ինչ շանսեր ունի հաղթանակի համար: Կամ ՀՀԿ, ԲՀԿ համամասնական ընտրացուցակում որ տեղն է համարվում անցողիկ: Կարճ ասած, պատգամավորներին այսօրվա խորհրդարանն այլեւս չի հետաքրքրում. նրանք ապրում են ապագա խորհրդարանում հայտնվելու անհագ ցանկությամբ:
Արդեն աշխատանքային օրվա ավարտին ԱԺ պատգամավորների հետ ՀՀ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ գրանցվեց հերթական սկանդալը: Երբ Լարիսա Ալավերդյանը փորձում էր հարց ձեւակերպել «Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի ընդունման կապակցությամբ, քանի որ այն անցավ առանց քվորումի, Սամվել Նիկոյանը միջամտեց եւ հավանաբար կանանց միամսյակի շրջանակներում որոշեց վիրավորել տիկին Լարիսային: «Ես գիտեմ, որ Դուք անվերջ խոսելու ցանկություն ունեք, տիկի՛ն Ալավերդյան, միեւնույն է, Ձեր խոսելու մարմաջը չի բավարարվելու. 4-րդ գումարման ԱԺ նստաշրջանը սպառվում է, նիստից հետո ես Ձեզ հնարավորություն կտամ անվերջ խոսելու… Ինքը ցանկություն ունի եւս 5 տարի խոսելու: Տիկի՛ն Ալավերդյան, Դուք Ձեզ անկարգ եք պահում, որպես կին, անհարմա՛ր զգացեք, տարիքով կին եք»,-ասաց ԱԺ նախագահը: Իսկ ՀՀ վարչապետը իր հայտնի ժպիտով հետեւում էր կուսակցի «ցեղակրոն» վարքագծին:
Քիչ անց ԱԺ մեկ այլ կին պատգամավոր Անահիտ Բախշյանին էլ «քաղաքակիրթ վիրավորեց» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երբ Բախշյանն ասաց, թե ոնց հավատանք ձեզ, եթե ՀՀ կառավարության որոշման մեջ եք անգամ սխալներ անում, Տիգրան Սարգսյանն ասաց. «Մենք ընդգծված հարգալից ենք Ձեր նկատմամբ եւ կարող ենք փոխադարձություն ակնկալել»: Ու այդպես էլ վարչապետը կոնկրետ պատասխան չտվեց պատգամավորի հարցին:
Անահիտ Բախշյանն արդեն միջանցքում տարակուսում էր, թե որ հարգալից վերաբերմունքի համար է ինքը պարտական վարչապետին. «Որ ինձ բարեւում է, դրա՞ համար, թե՞ որ իմ հարցերին է պատասխանում: Նա պարտավոր է պատասխանել իմ հարցերին»:
ԱԺ-ՈՒՄ ՆՈՐ ՇՄԱՅՍՆԵՐ ԵՆ «ԲՈՒԾՎՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ