86 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։
1951-ին Սեն Արևշատյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, այնուհետև մինչև 1954-ը ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։ 1954-59 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող, 1959-ին աշխատանքի անցել ՀԽՍՀ Մինստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։
1972-ին ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973-ին ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, իսկ 1982-ի մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն, նաև համատեղության կարգով եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղար (1958-1960 թթ), փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979 թթ։ Սեն Արևշատյանը 1975-1978 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1982-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996-ին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Արևշատյանը 25 տարի` 1982-2007-ին եղել է Մատենադարանի տնօրեն, լիազորությունները վայր է դրել կենսաթոշակի անցնելու պատճառով, բայց մինչև օրս էլ շարունակում մնալ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ։
Սեն Արևշատյանը ավելի քան 150 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում 30 մենագրության և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։ Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, տեսական առումով պարունակում հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։
Արևշատյանի գիտական գործունեության մի մասն են Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։
Սեն Արևշատյանը Եվրոպայի մշակույթի «Պո-Արաքս» ընկերության (Վենետիկ) անդամ էր, Փիլիսոփայական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ։