ՀՅԴ-Ն` ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացի Հայ ազգային կոնգրեսից, քաղաքական դաշտի մյուս հիմնական ուժերը հրապարակել են իրենց համամասնական ցուցակները: Կոնգրեսն իր ցուցակը կներկայացնի այսօր` առաջադրումների վերջին օրը: Իսկ երեկ հերթը ՀՅԴ-ինն էր:
Ի տարբերություն մյուս կուսակցությունների` ՀՅԴ-ն այն հրապարակեց ասուլիսում. 85-հոգանոց ցուցակի առաջին եռյակն ունի հետեւյալ տեսքը` Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան: Ուշագրավն այն է, որ ՀՅԴ ներկայիս պատգամավորական խմբակցության մի մասն ընդհանրապես ներկայացված չէ ցուցակում: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, սրանք այն մարդիկ են, որոնք համարվում են ՀՅԴ-ում իշխանական թեւի ներկայացուցիչներ` Հրայր Կարապետյան, Աշոտ Ափոյան եւ այլք: ՀՅԴ ցուցակում չկա նաեւ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը, ինչպես վերջերս էր խոստովանել, պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ:
Փոխարենը պարոն Մարգարյանը երեկ ակտիվորեն ելումուտ էր անում ՀՅԴ առաջին եռյակի ասուլիսին, ծիկրակում ու հրճվում լրագրողների առատությունից: Երբ փորձեցինք Մարգարյանից ճշտել` ինչու նրա անունը չկա համամասնական ցուցակում, վերջինս արագ-արագ հեռացավ իր աշխատասենյակ. «Իրե՛նց հարցրեք, ասուլիս են անում»: Ուստի Վահան Հովհաննիսյանին հարցրինք` արդյոք Հրանտ Մարգարյանին ընտրացուցակում չեն ընդգրկել, որովհետեւ համարվում է խոցելի կերպար, պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ: Վահան Հովհաննիսյանը շտապեց հերքել` ասելով, որ այդ հանդիպումները բնական են, միշտ եղել են ու կլինեն` անկախ ՀՅԴ քաղաքական դիրքորոշումից: «Բայց ՀՅԴ ներքին կանոնները մի քիչ այլ են. ուրիշ կուսակցությունների առաջին դեմքը ցուցակում էլ է առաջինը լինում, նույնիսկ եթե այդ առաջին դեմքն ակնհայտորեն պատգամավոր դառնալ չի ուզում, օրինակ` Սերժ Սարգսյանի դեպքում քիչ հավանական է, որ նա հրաժարվի պաշտոնից ու գա, օրինակ, սոցիալական հանձնաժողովում պատգամավոր աշխատի: Մեզ մոտ մի քիչ այլ է. առաջին դեմք չունենք: Ու ոմանց զարմանալի է թվում կոլեգիալ կառավարման համակարգը, որ կա ՀՅԴ-ում»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է մյուս ՀՅԴ-ականներին, ըստ Վահան Հովհաննիսյանի` «կուսակցությունը նրանց այլ ասպարեզում շատ լուրջ հանձնարարություն է տվել»: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին հարցրինք` միտում է, թե պատահականություն, որ ՀՅԴ համամասնական ընտրացուցակում ներկայացված չէ պրոիշխանական թեւը: «ՀՅԴ-ում չկան թեւեր: Ոչ մի պրո կամ կոնտրա թեւեր չկան: ՀՅԴ-ում կա մեկ համախմբում` կոնկրետ գաղափարի շուրջ: Ցանկում բոլորին չես կարող ընդգրկել: Իսկ ովքեր ցանկում չեն, ոչ պակաս ջանադրաբար աշխատելու են մեր հաջողության համար»,-ասաց նա: Ի դեպ, Ռուստամյանը երեկ մեկ նախընտրական գաղտնիք բացեց. իրենք հրապարակելու են նաեւ ՀՅԴ-ի` հեղինակավոր, ճանաչված վստահված անձանց ցուցակը: «Եւ այդտեղ կգտնեք բոլոր նրանց, ում չեք գտել համամասնական ցուցակում»,-ասաց նա:
Նկատենք, որ ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկվածներից ոչ բոլորն են ճանաչված: Ավելին, ՀՅԴ-ական կին պատգամավորներից Լիլիթ Գալստյանն, օրինակ, թեեւ բավական ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ է զբաղվում, սակայն նրա անունը ցուցակի 20-րդ տեղում է: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը պարզաբանեց, որ իրենց ցուցակն ամենեւին էլ ռեյտինգային ձեւով չի կազմվել, եւ Լիլիթ Գալստյանի` 20-րդ հորիզոնականում հայտնվելը դեռ չի նշանակում, թե նրանից դժգոհ են: Դա նաեւ չի նշանակում, որ Գալստյանը չի դառնա պատգամավոր. ՀՅԴ-ականները հիշեցրին` ժամանակին նա համամասնական ցուցակի 21-րդ տեղում էր, բայց մտավ խորհրդարան: Իսկ դիտարկմանը, թե ՀՅԴ ցուցակում շատ են անծանոթ մարդիկ, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց կեսկատակ-կեսլուրջ. «Իսկ դուք ո՞ւմ եք ընդհանրապես ճանաչում. կա՛մ նրանց, ովքեր ինքնահռչակ աստղ են, կա՛մ գողականներին, կա՛մ անհայտ աղբյուրներից հարստացած մարդկանց, որոնց անվանում են օլիգարխ: Այո՛, այդ տեսակը չկա մեր ցուցակում»:
Ի դեպ, ՀՅԴ-ն պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով 8 թեկնածու առաջադրել: Երեկ Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչու մեծամասնականով չեն առաջադրվել ՀՅԴ լիդերները, օրինակ` ինքն ու Արմեն Ռուստամյանը: «Խոստովանեմ, որ թե՛ Արմեն Ռուստամյանի, թե՛ իմ պարագայում նման խոսակցություն եղել է, բայց, ի վերջո, հանգել ենք այն եզրակացության, որ նրանք, ովքեր ցանկը ղեկավարող եռյակի մեջ են, այդ ամբողջ ցանկն առաջ տանելու խնդիր ունեն: Մենք պարտավորություն ունենք մի քիչ այլ տակտիկական կանոններով առաջնորդվել, իսկ Հայաստանի պարագայում կենտրոնանալը մի ընտրատարածքի վրա շատ ժամանակ է խլում եւ քեզ կտրում համահայաստանյան քարոզչություն ծավալելու հնարավորությունից»,-ասաց նա` հավելելով, որ իրենք ռեալ հնարավորություններ ունեն թե՛ Զեյթունում, թե՛ Կենտրոնում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս