ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ
ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ Տարոն Մարգարյանը ոչնչով չի տարբերվում իր նախորդից` Կարեն Կարապետյանից, որի  աշխատանքն, ըստ նրա, անտանելի էր դարձել: «Իրենք քաղաքն ուղղակի կործանել են: Այն քաղաքը, նույնիսկ որ կար 1995-ին, ավելի լավ հեռանկարներ ուներ, քան կա հիմա` 2012-ին»,- ասել է Խաչատրյանը:  

ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ Է
Մարտի 21-ին դաժանորեն սպանվել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանը: Դիակի կողքին հայտնաբերվել է սպանության գործիքը` արյունոտ դանակը, իսկ կնոջ մարմնի վրա դրված է եղել մի գրություն` հետեւյալ բովանդակությամբ. «Սպանում ենք տղուդ պարտքերի խաթր»:

ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏՈՒՄ
ԿԸՀ-ն երեկ, Տիգրան Մուկուչյանի նախագահությամբ, քննարկելով Խաչատուր Սուքիասյանի դիմումը, ըստ որի` նա պահանջում է հաշվի չառնել Անձնագրային եւ վիզաների վարչության վերջին գրությունը եւ իրեն գրանցել սահմանված կարգով թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու, որոշել է որեւէ գործընթաց չսկսել, քանի որ դրա իրավասությունն ունի միայն թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը: Խաչատուր Սուքիասյանի լիազորված անձ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ  թիվ 10 ընտրական հանձնաժողովը Սուքիասյանի դիմումը կքննարկի իր առաջիկա նիստում:

ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեկ տեղի է ունեցել  «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվել են ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ: Սպասվում է, որ ցուցակի փոփոխություն, ինչպես նաեւ մեծամասնականով առաջադրումներ, չեն լինի:

ՆՈՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐ
ՀՀ  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում երեկ առաջադրվել են. թիվ 5 ընտրատարածքում` Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, թիվ 6-ում` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել է անկուսակցական Վարդան Վարդանյանը, թիվ 8-ում` ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանն ու անկուսակցական Գագիկ Պետրոսյանը: Թիվ 9 ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, թիվ 11-ում` ՀԱԿ անդամ Արշակ Բանուչյանը եւ  անկուսակցական Կարեն Սմբատյանը: Թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է ՕԵԿ անդամ Ռոբերտ Մասումյանը, թիվ 13 ընտրատարածքում` (Մհեր Սեդրակյանի դեմ) Վիոլետա Պետրոսյանը: Թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է դաշնակցական Գուրգեն Շահինյանը, թիվ 16-ում` ՀՀՇ-ական Գեւորգ Գեւորգյանը, թիվ 20-ում` անհատ ձեռներեց Սամվել Հովհաննիսյանը, թիվ 21-ում` ՀՀՇ անդամ Սեդրակ Հովհաննիսյանը, «Ժառանգության» անդամ Գագիկ Մարգարյանը, անկուսակցական Մերուժան Մխոյանը: Թիվ 22-ում  միանգամից երկու հանրապետականներ են առաջադրվել` պատգամավոր Մանվել Բադեյանն ու Գրիշա Հովեյանը: Թիվ 27-ում առաջադրվել են ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ու անկուսակցական Մանուկ Հակոբյանը, թիվ 29-ում` անկուսակցական Գրիգոր Դանիելյանը: Թիվ 30 ընտրատարածքում առաջադրվել են հանրապետական Վիկտոր Դալլաքյանն ու  ՀՀՇ անդամ Աշոտ Մանուկյանը: Թիվ 31 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀՇ անդամ Սարգիս Թամազյանը, թիվ 32-ում`  անկուսակցական Անուշավան Նիկողոսյանը, թիվ 33-ում` ՀՀՇ-ական Շալիկո Զորյանը, 36-ում` ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը: Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում առաջադրվել է առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, իսկ Նոյեմբերյանի թիվ 40 ընտրատարածքում առաջադրվել է «Ինտերնեշնլ Մասիս տաբակ»-ի բանվորուհի Սուսաննա Աբրահամյանը:




Լրահոս