ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՀ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված՝ դեռեւս շատ վաղ է խոսել Արցախի «ճակատագրի» մասին: Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետի մասին խոսելը ժամանակի անիմաստ կորուստ է:

-Պարո՛ն Հարությունյան, որոշ ժամանակ առաջ Դուք հայտարարեցիք, որ 2013 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով ԼՂՀ-ում ՀՆԱ-ի աճը կազմում է 8.1 տոկոս: Արդյո՞ք այս աճը Ձեզ բավարարում է, այն Արցախի համար նորմա՞լ ցուցանիշ է:
-Այո՛, ընդհանուր առմամբ բավարարում է, քանի որ այն տեղավորվում է մեր կանխատեսումների ու պլանավորումների շրջանակներում: Այնուամենայնիվ, պետք է շեշտել, որ ողջ տարվա կտրվածքով այդ տոկոսը նույնիսկ ավելին է լինելու՝ շուրջ 9 տոկոս, ինչը ներկա պայմաններում բավականին շոշափելի ձեռքբերում է, մանավանդ որ տարիներ շարունակ մեզ հաջողվում է կայուն պահել ՀՆԱ-ի աճի այդ տեմպը: Մյուս կողմից դա ամենեւին չի նշանակում, որ մենք չենք աշխատում ավելի բարձր արդյունքներ գրանցելու ուղղությամբ:
-Ղարաբաղի հարցով բանակցային գրեթե սառեցված գործընթացի վերսկսումից` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից օրեր անց ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ երկու օր առաջ էլ ստորագրվեց ՄՄ-ին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզը»` այդպիսով նաեւ վճռելով Ղարաբաղի ճակատագրի հարցը: Որպես ԼՂՀ վարչապետ՝ Ձեզ բավարարո՞ւմ է ՀՀ իշխանությունների կայացրած որոշումը:
-Թո՛ւյլ տվեք չհամաձայնել այն դիտարկմանը, որ Արցախի ճակատագրի հարցը որոշվեց ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու վճռով: Արցախի ճակատագիրը ողջ հայությունը վճռել է շուրջ քսան տարի առաջ: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ապա ես դրական եմ գնահատում այդ որոշումը՝ համոզված լինելով, որ առկա պայմաններում ՀՀ իշխանությունները լավագույն վճիռն են կայացրել:
-Ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածությանը միանալու ՀՀ «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով, որով պահանջվում է ճշգրտել Հայաստանում ՄՄ սահմանները, ասել է թե` ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետի հարցը: Դուք ծանո՞թ եք այդ «ճանապարհային քարտեզին» եւ ինչպե՞ս եք գնահատում նման պահանջը:
-Քանի որ Մաքսային միության երկրները դեռեւս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Սակայն մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ո՛չ որեւէ պետության, ո՛չ էլ պետությունների խմբի կողմից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե քանի որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ առանձին մաքսակետ չունի, Մաքսային միությանն անդամակցելու դեպքում եւս նույն ռեժիմը պետք է գործի: Դա տնտեսապես ձեռնտու կլինի՞ Արցախի համար:
-Որեւէ մաքսակետի մասին խոսելը ժամանակի անիմաստ վատնում է, քանի որ, անկախ բոլոր հանգամանքներից, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մաքսակետի գոյությունը բացառվում է (չշփոթել ներկայումս գործող հսկիչ կետի հետ-Ս. Գ.): Անշուշտ, դրա պատճառներից մեկն էլ տնտեսական շահը կարող է լինել, ընդ որում փոխադարձ շահը, քանի որ Արցախի տնտեսությունն էլ Մաքսային միության տարածքին առաջարկելու քիչ բան չունի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՄՆԱՑ 5 ՕՐ

«ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:
Սերժ Սարգսյան 2013թ. մարտի 18
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013-Ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3.1 տոկոս:
Այսպիսով, եթե Սերժ Սարգսյանը հարգում է իր խոսքի արժեքը, ապա Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը պետք է հրաժարական տա: Ի վերջո, անգամ պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականին ՀՀ տնտեսական աճը չհասավ պահանջված 7 տոկոսին:




Լրահոս