Համագործակցությունն աշխուժանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել հուլիսի 14-17-ը ԱԻ նախարարի Չինաստան կատարած այցի արդյունքները:

Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին` ընդգծելով, որ կարճատև այցի շրջանակներում կազմակերպվել էր այցելությունների ու հանդիպումների հագեցած ծրագիր.

«Մի քանի օրվա ընթացքում եղել ենք Չինաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունում, տեղեկատվության տիեզերական կենտրոնում, ունեցել տարբեր հանդիպումներ, և բոլորն անցել են շատ արդյունավետ ու բարձր մակարդակով: Արդեն պայմանավորվածություն կա առաջիկայում ԱԻ նախարարությունից մասնագետներ ուղարկել տիեզերական կենտրոնում վերապատրաստման, որպեսզի մենք էլ կարողանանք օգտվել տիեզերքում գտնվող արբանյակներից ստացված տեղեկատվությունից: Չինաստանի սեյսմիկ ծառայությունը լավագույններից մեկն է, և այդ ոլորտում համագործակցությունը ևս պետք է ակտիվացնել:

Ուրախ եմ, որ այցն արդյունավետ է եղել, ինձ տեղեկացրել են, որ Չինաստանին նույնպես հետաքրքրել է ԱԻՆ փորձը և զարմացրել այն հանգամանքը, որ այստեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բոլոր ծառայությունները հավաքված են մի կառույցի ներքո: Ձեր աշխատանքի ամեն մի րոպեն կարող է մարդկային կյանք արժենալ, այդ պատճառով պատրաստվածությունն ու սերտ աշխատանքը շատ կարևոր են»,-ասաց նա:

ԱԻ նախարարը դեսպանին հայտնեց, որ ինքը Չինաստանի իր գործընկերներին արդեն հրավիրել է Հայաստան, որպեսզի նրանք կարողանան սեփական աչքերով տեսնել այդ ամենը:

Դեռևս 2013 թ. սեպտեմբերին արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ներկայումս քայլեր են արվում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ, և դեսպան Տյան Չանչունը ևս մեկ անգամ հավաստեց, որ պատրաստ է անել ամեն հնարավորը հայ և չին ժողովուրդների միջև փոխգործակցությունը խթանելու և զարգացնելու համար:




Լրահոս