Դավթաշենում բարեկարգվում է ևս երկու հանգստի գոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի 2014թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանում ամբողջովին բարեկարգվում է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին հարակից տարածքը: Աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է այս տարածքում իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով տարվող շինաշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները զեկուցել են, որ հուշարձաններին հարակից շուրջ 1,5 հեկտար զբաղեցնող տարածքում դավթաշենցիների հանգստի կազմակերպման համար կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, բացի այդ տարածքը կահավորվում է նաև մանկական խաղահրապարակով և մարզասարքերով: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ կթարմացվեն հարակից կանաչ տարածքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ հանգստի գոտին լիարժեք հարմարեցված կլինի նաև հաշմանդամների ազատ տեղաշարժման համար: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին Դավթաշենում հանգստի ևս մեկ հարմարավետ գոտի ձևավորելու համար՝ ընդգծելով, որ այս տարածքը կլինի ոչ միայն ժամանցի կազմակերպման վայր, այլ նաև իր կարևոր դերակատարումը կունենա հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու հարցում:

Մատաղ սերնդի մեջ նաև նմանատիպ տարածքների յուրովի արժեւորման տեսքով հայրենասիրության սերմանման հետ կապված բնակիչների տեսակետը լիովին կիսելով՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դա նաև որոշակի հարգանքի տուրք է բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր թե՛ Հայրենական մեծ պատերազմում և թե՛ Արցախյան ազատամարտում պայքարել են հենց հանուն գալիք սերունդների վաղվա օրվա, ինչն, անշուշտ, մշտապես պետք է գնահատվի ըստ արժանվույն: Այս համատեքստում քաղաքապետն անդրադարձել է մասնավորապես Երևանում հաշվառված Հայրենական պատերազմի մասնակից վետերանների խնդիրների լուծմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերին և նշել, որ վերջիններիս աջակցությանն ուղղված ծրագրերն ու միջոցառումներն իրականացվում են ոչ միայն տոնական առիթներով. «Մեր կողմից իսկապես առանձնակի կարևորված են նաև Հայրենական մեծ պատերազմի մեր վետերանները, ինչը, համոզված եմ, ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև պարտադիր: Եվ այս տեսանկյունից մեր բոլոր 530 վետերանները մշտապես, առաջնահերթության կարգով, ընդգրկվում են սոցիալական ուղղվածության մեր բոլոր ծրագրերում: Բացի այդ, մեր լիազորությունների շրջանակում մենք մշտապես աջակցել և աջակցելու ենք Հայրենական պատերազմի վետերանների բոլոր կազմակերպություններին ու, վետերաններին՝ անհատապես: Այսօր, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից, Երևանի բոլոր վարչական շրջաններում վետերաններն ունեն տարածքային գրասենյակներ, և ներկայումս էլ աշխատանքներ են տարվում Մալաթիա-Սեբաստիայում ևս գրասենյակ ստեղծելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես, այս հարցում իմ դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հնարավորն անենք, որ մեր վետերանները մշտապես զգան այն հոգածությունն ու գնահատանքը, որ մեզանից յուրաքանչյուրն ունի նրանց հանդեպ: Նաև կարող եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կխրախուսի և կաջակցի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն մեր վետերանների հոգսը թեթևացնելուն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դավթաշենի կենտրոնական այգի: Քաղաքապետի այցելության պահին այգին մարդաշատ էր, ինչն իր հերթին մեկ անգամ ևս վկայում էր, որ հանգստի գոտին իսկապես սիրված վայր է դավթաշենցիների համար: Ներկայացնելով իրականացվող աշխատանքների ընթացքը՝ վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրով վերակառուցվում է Կենտրոնական այգու վերևի՝ շուրջ 7000 քմ հատվածը: Հանգստի գոտու տարածքի ընդլայնման ծրագրի արդյունքում, այգին ամբողջական ավարտուն տեսք կստանա և հասանելի կլինի ավելի մեծ թվով բնակիչների համար: Նաև զեկուցվել է, որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո այս հատվածում ևս կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, մարզական գույք ու մանկական խաղեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս