Սույն թվականի փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում ժամկետային զինծառայող էր մահացել: Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ 20-ամյա Ալբերտ Ադիբեկյանը սպանվել է հակառակորդի արձակած գնդակից: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ զինծառայողը սպանվել է իր ծառայակից ընկերոջ մահացու գնդակից:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` վերը նշված օրը` ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ զոհվել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը:
Դեռեւս մի քանի շաբաթ առաջ Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, թե ինքը տեղեկացել է, որ Ադիբեկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի գնդակից: 20-ամյա ժամկետային զինծառայողին սպանել են 7 մետր հեռավորության վրայից: Մարտիրոսյանը պատմել էր, որ այդ մասին իրեն հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության կենտրոնական ապարատի պետ Յուրա Բադալյանը:
Ըստ փորձագետի` առաջին վայրկյանից էլ պարզ է եղել, որ զինվորը սպանվել է ծառայակցի կողմից, քանի որ վիրավորում ստացել էր որովայնի շրջանում (ոչ թե գլխի, ինչպես նախապես նշված էր պաշտոնական տեղեկատվության մեջ), իսկ հակառակորդի դիպուկահարը նման վնասվածք տեխնիկապես հասցնել չէր կարող: Եւ ահա որոշ ժամանակ հետո քննության արդյունքում պարզվել է, որ իսկապես Ադիբեկյանին հայ զինվոր է սպանել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ալբերտ Ադիբեկյանը Երեւան քաղաքի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել Մաշտոցի զինկոմիսարիատից, ապրում էր Բաշինջաղյան փողոցում: Հարեւանները մեզ պատմեցին, որ դեպքից մեկ օր առաջ` փետրվարի 22-ին, Ալբերտը խոսել է մոր` Մանուշակի հետ եւ վստահեցրել, որ ամեն ինչ նորմալ է իր ծառայությունում: Բաշինջաղյան փողոցի բնակիչները լավ են ճանաչում Ալբերտին, մեզ հետ զրույցում նշեցին, որ Ալբերտը յոթ տարեկանից դաշնամուր էր նվագում, սովորում էր Երեւանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում եւ որոշել էր բանակից հետո շարունակել ուսումը: Հարեւանների հետ զրույցից տեղեկացանք, որ երկու եղբայր են եղել, երկուսն էլ ծառայել են Տավուշի մարզի Չինարի գյուղում: Եղբայրն ավելի վաղ է զորացրվել: Իսկ 20-ամյա Ալբերտը հասցրել է ծառայել մեկ տարի եւ չորս ամիս:
Հարեւանները զինվորին բնութագրում էին որպես համեստ, կոկիկ, շփվող եւ բոլորի կողմից սիրված երիտասարդի: Նրանք նշեցին, որ Ալբերտն «օտպուսկ» էր եկել Նոր տարուց առաջ` յոթ օրով, իսկ զորամաս վերադառնալու ժամանակ առողջական խնդիրներ էր ունեցել եւ հոսպիտալում բուժվել, իսկ դուրսգրման հաջորդ օրը բարձրացել էր դիրքեր:
Երեկ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացանք, որ Ալբերտ Ադիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային ծառայության քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` սպանություն, քրեական գործ է հարուցվել: Պարզվել է, որ նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Իգնատ Աշոտի Ենգիբարյանն է սպանել իր ծառայակից ընկերոջը: Ըստ քննչական ծառայության տեղեկատվության` Ենգիբարյանն ինքն է հայտարարել, որ Ալբերտը մահացել է հակառակորդի գնդակից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Իգնատ Ենգիբարյանը Հրազդան քաղաքի բնակիչ է: Դեռեւս անհասկանալի է, թե որն է եղել ծառայակցին սպանելու պատճառը: Ժամկետային զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Քանի դեռ գործը նախաքննության փուլում է գտնվում, Ալբերտի ծնողներն ավելորդ են համարում որեւէ մեկնաբանություն անել: Նշենք, որ Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ներկա է եղել Ալբերտի դիահերձմանը, նրա փոխանցմամբ` Ալբերտ Ադիբեկյանը սպանվել է ծառայակցի կողմից: «Քննիչները, եթե ուզեին, կարող էին միանգամից պարզել` Ալբերտի զինակից ընկերոջ հրացանով է կրակը եղել, թե ոչ, անգամ կույրն էլ ա տեսնում, որ դա դիպուկահարի կրակոց չի եղել, իրականում իրենք լավ էլ տեղյակ են եղել, ուղղակի տեսան, որ փաստերի ճնշման տակ չեն կարող հայտարարել, թե դիպուկահարի կողմից է եղել, ստիպված խոստովանեցին»,-ասաց փորձագետը:
ԶԻՆՎՈՐԻՆ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆ Է ՍՊԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ