Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց 2013թ. ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաեւ 2014-ի առաջնահերթությունները: Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը 2013-ին շարունակել է իր ակտիվ գործունեությունը, որի ընթացքում բացահայտվել են գերիշխող դիրքի չարաշահումների բազմաթիվ դեպքեր, մասնավորապես դեղերի ներմուծման եւ իրացման, ջրամատակարարման եւ երկաթուղային տրանսպորտի, քաղաքային հեռախոսակապի, միջմարզային ուղեւորափոխադրումների բնագավառներում: Չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են խիստ պատասխանատվության:
2013-ի ընթացքում հանձնաժողովի կողմից բացահայտվել են նաեւ հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքեր, եւ ութ տնտեսվարող ենթարկվել է խիստ պատասխանատվության: Դա վերաբերում է հիմնականում պետական գնումների ոլորտին: Այդ տնտեսվարողները, հակամրցակցային համաձայնության գալով, բավականին բարձր գներով ապրանքներ էին վաճառել սոցիալական ոլորտի մի շարք հիմնարկների եւ այդ ճանապարհով մեծ վնաս հասցրել պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը:
«Այս տարվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 2013-ին, համաձայն գործող նոր օրենսդրության, մենք սկսեցինք հետեւյալ պրակտիկան կիրառել. այն ընկերությունները, որոնք չարաշահումներ են կատարել պետգնումների ոլորտում, նրանց տվյալներն ուղարկում ենք գնումների աջակցման կենտրոն, որտեղ էլ դրանք ներառվում են, այսպես ասած, սեւ ցուցակի մեջ, եւ չարաշահող ընկերությունները որոշակի ժամկետով զրկվում են պետական գնումների մրցույթին մասնակցելու իրավունքից»,-ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահը: Նա նաեւ նշեց, որ այս տարվա ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր, որոնց համար անբարեխիղճ տնտեսվարողները խիստ պատասխանատվության են ենթարկվել` տուգանվելով տարեկան հասույթի մոտ մեկ տոկոսի չափով:
Հանձնաժողովը տարվա ընթացքում բացահայտել է նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ «Էկո», «Բիո», էկոլոգիապես մաքուր օրգանական անվանումներով ապրանքներ են վաճառվել, սակայն հանձնաժողովի կողմից կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք բացարձակապես չեն տարբերվում սովորական ապրանքներից: Եվ տասնյակ տնտեսվարողներ պատժվել են նման արարք իրականացնելու համար:
«Վերջերս ուսումնասիրություն կատարվեց նաեւ տաքսիների ոլորտում, եւ մի շարք սպառողների բողոքների հիման վրա ուսումնասիրեցինք տաքսիների կողմից մատուցվող ծառայությունների բնագավառը եւ պարզեցինք, որ այս ոլորտում եւս կան անբարեխիղճ մրցակցության երեւույթներ: Ֆինանսական տուգանքներ մենք նշանակում ենք օրինախախտ տնտեսվարողներին կարգի հրավիրելու նպատակով: Մենք մեղմ ենք վերաբերվում փոքր եւ միջին ընկերությունների նկատմամբ եւ բավարարվում ենք նախազգուշացում տալով: Մենք ձեւակերպում ենք մեր առաջարկները եւ ուղարկում պետական մարմիններին համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով: Եվ այդ նպատակով մենք ակնկալում ենք 2014-ին ուժեղացնել համագործակցությունը պետական մյուս մարմինների հետ»,-տեղեկացրեց Արտակ Շաբոյանը:
Նա նաեւ նշեց, որ մրցակցության ոլորտը բարելավելու նպատակով 2013-ին իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, իսկ մրցակցության ոլորտի օրենսդրական նոր փաթեթն այս պահին գտնվում է ՀՀ ԱԺ-ում:
«Հանձնաժողովը միայնակ չի կարող լուծել մրցակցության ոլորտի խնդիրները: Իհարկե, մեր հանձնաժողովի առաջնահերթությունը մնալու են սպառողներից եւ տնտեսվարողներից ստացված բողոքները, բոլոր այն խնդիրները, որոնք գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, բոլոր այն խնդիրները, որոնք հասարակական հնչեղություն են ստանում, եւ մենք մեր ռեսուրսներն առաջին հերթին ուղղելու ենք այդ խնդիրների լուծմանը»,-հավաստիացրեց ՏՄՊՊՀ նախագահը:
Այս տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվեց մրցունակության ինդեքսը, որի երեք ցուցանիշները ներկայացնում էին երկրի մրցակցության իրավիճակը: Այդ երեք ցուցանիշներն են` հակամենաշնորհային քաղաքականության ուժեղությունը, գերիշխող դիրք ունեցողների ազդեցությունը մրցակցության վրա եւ ներքին շուկաներում մրցակցության ուժգնության աստիճանը: «Այս երեք ցուցանիշներով ոչ միայն այս տարի, այլեւ նախորդ երկու-երեք տարիներին մեծ չափերով մենք առաջ ենք գնացել, եւ կարող եմ վստահորեն ասել, որ 2013-ին բոլոր այս երեք ցուցանիշներով մենք ԱՊՀ երկրների շարքում առաջատար ենք: Ընդ որում, առաջ ենք անցել նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթյան որոշ երկրներից»,-ընդգծեց Ա. Շաբոյանը:
ՏՄՊՊՀ-ն 2014-ին շարունակելու է հետեւել բարձր կենտրոնացվածություն ունեցող, այսպես ասած՝ ռիսկային շուկաներին, որտեղ գործունեություն են իրականացնում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները, որոնք կարող են չարաշահել իրենց դիրքը:
«2014-ին լինելու են նոր ուղղություններ, նոր բացահայտումներ, սակայն մեր ուսումնասիրությունների շահերից ելնելով` ես չեմ ցանկանում դրանց մասին խոսել, պարզապես ասեմ, որ 2014-ին ուժեղացվելու է համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողությունը, որն իր ազդեցությունը կունենա ապրանքների շուկաներում կենտրոնացվածության աստիճանի թուլացման վրա»,-եզրափակեց ՏՄՊՊՀ նախագահը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ