ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունն իր աշխատողին ծառայողական գործուղման է ուղարկում, ապա նա կարո՞ղ է հրաժարվել դրանից, թե՞ դա պարտադիր է:

Հասմիկ Աբովյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում աշխատողին ծառայողական գործուղման ուղարկելու դեպքում նրա համաձայնությունը ստանալու գործատուի պարտականությունը: ԱՕ 209-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է միայն, որ իրենց համաձայնությամբ գործուղման են ուղարկվում հղի կանայք եւ մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող աշխատողները, ինչպես նաեւ արգելվում է մինչեւ տասնութ տարեկան աշխատողներին միայնակ ուղարկել գործուղման: Պետք է նկատի ունենալ, որ ծառայողական գործուղումը, ըստ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է: Վերը նշվածից հետեւում է, որ գործուղումն աշխատողի աշխատանքային պարտականություններից մեկն է, որի` աշխատողի մեղքով չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը` որպես աշխատանքային կարգապահության խախտում, կարող է հանգեցնել ՀՀ ԱՕ նախատեսված կարգապահական ներգործության միջոցների կիրառմանը:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, աշխատանքային գործուղման չմեկնելը դիտվում է աշխատանքային կարգապահության խախտում` այդտեղից բխող կարգապահական հետեւանքներով: Թեեւ մի քիչ դժվար է պատկերացնել, որ այդ խնդիրն այդքան ակտուալ է Հայաստանում: Այստեղ աշխատողների գերակշիռ մասը երանությամբ սպասում է գործուղման մեկնելու հնարավորությանը, եւ շատերն անգամ պատրաստ են «հատուկ վերաբերմունք» ցույց տալ տնօրինությանը դրա համար:

 

 
ՀԱՐՑ. Վերջերս եմ վերադարձել Հայաստան եւ մտադիր եմ ուսումս շարունակել այստեղ: Խնդրում եմ ասել` կա՞ որեւէ հնարավորություն, որպեսզի սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը ՀՀ բուհեր լինի անվճար հիմունքներով:

Քրիստինա Միրաքյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ք. Միրաքյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սփյուռքահայ դիմորդը կարող է ընդունվել պետական պատվերով (անվճար).
ա) ընդհանուր հիմունքներով ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ հավաքելու դեպքում,
բ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի շրջանակներում ընդունելության հանձնաժողովի որոշմամբ բաշխվող պետպատվերային տեղ ստանալու դեպքում:
Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, որոշակի չափով գործում է անվճար հիմունքներով բուհեր ընդունվելու կարգը, բայց, ինչպես նկատում ենք, դա բավականին սահմանափակ է, եւ ընդամենը մի քանի մասնագիտություններ նախընտրող դիմորդներ կարող են դիմել ու արժանանալ անվճար հիմունքներով սովորելու բախտին:




Լրահոս