ՄԱՆԴԱՏ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՏՈՒԺԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Միշա Ստեփանյանն արձագանքել է օրերս «Ժողովուրդ»-ում հրապարակված «Միշա Ստեփանյանի մասին լռում են» հոդվածին: Մենք տեղեկացրել էինք, որ վերջինս ավարտել է Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, հետո էլ պաշտպանել է ատենախոսություն եւ դարձել գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, սակայն երբեք գիտությամբ չի զբաղվել:
Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մինչեւ 1994 թվականը գիտությամբ է զբաղվել. «Ոչխարաբուծությամբ եմ զբաղվել, բրդի հետ կապված միակ մասնագետն եմ, որ հանրապետությունում ունի գիտական աստիճան, իմ մասնագիտությունը ես խորացրել եմ բրդի ստացման արտադրանքների վերաբերյալ: Բրդի որակական հատկանիշների բարձրացման հետ կապված թեմայով ատենախոսություն է եղել»: ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ վերջերս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կողմից ինքը ճանաչվեց ակտիվ գործունեություն ծավալող պատգամավոր:
«Տեղեկություններ տարածվեցին, որ զավեշտալի պատվոգիր է… նախ` Ձեզ ո՞վ է ասել… նախ` ես ասեմ, որ շատ պարտաճանաչ պատգամավոր եմ եղել, ես բոլոր նիստերին, լիագումար նիստերին մասնակցել եմ նորմալ ձեւով, ես նորմալ պատգամավոր եմ եղել: Նախ` նշեմ, որ էդ օրը մենակ ինձ չեն պարգեւատրել, չգիտեմ ինչից ելնելով` միշտ իմ անունն է շոշափվում: Անդրադառնամ նաեւ ֆաբրիկային ու նշեմ, որ ես երբ 93 թվականից բրդի ֆաբրիկայի տնօրեն եմ եղել ու էդ ֆաբրիկայի նախաձեռնությունն իմն ա եղել, որ կառուցել են եւ շատ նորմալ աշխատանքային գործունեություն ենք ծավալել: 97 թվականին, որ ինձ տեղափոխեցին,  կատաստրոֆիկ վիճակ էր այնտեղ: Ես միակ մարդն եմ եղել, որ չթողեցի էդ կազմակերպությունը քանդվեր»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Ստեփանյանը նշեց, որ իր պատգամավորական մանդատի համար ոչ ոք իրեն չի հովանավորել. «Պատգամավորական մանդատ ստանալու ժամանակ, ընդհակառակը, բացի տուժելուց` ուրիշ բան չի եղել»:
«Լինելով գործարար-պատգամավոր եւ ունենալով ահռելի ֆինանսական միջոցներ` Միշա Ստեփանյանը կողմ է, որպեսզի գործարարները մուտք գործեն խորհրդարան: Ինքը մուտք է գործել եւ այնքան տարվել սեփական բիզնեսի համար «տանիք» որոնելով, որ երբեմն խառնվում է իրար, չի կարողանում կողմնորոշվել, թե որ կոճակը պիտի սեղմի, հաճախ էլ սեղմում է ուրիշների փոխարեն: Հիշենք, թե ինչպես ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը «շշպռեց» նրան` ասելով. «Ձեր մուննաթը Ձե՛զ պահեք, պարո՛ն Ստեփանյան». մեր նախորդ հրապարակման այս խոսքերից Ստեփանյանը վիրավորվել է: «Դա շշպռելու հարց չէր, կնոպկեն չէր աշխատում, ես բարձրաձայնեցի, որ չի աշխատում, իսկ պարոն Աբրահամյանին թվաց, թե ես մուննաթ եմ գալիս, ես էլ ասեցի` մուննաթ չեմ գալիս, զգուշացնում եմ, էդ ա եղել»,-եզրափակեց ԱԺ պատգամավոր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս