ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի անունը հատկապես վերջին օրերին շրջանառվում է լրատվամիջոցներում: Նա ներկայացվում է որպես մի մարդ, ով ջանք ու եռանդ չի խնայում Սերժ Սարգսյանին դուր գալու, իշխանական կերատաշտին ավելի մոտ գտնվելու եւ, վերջապես, բարձր պաշտոն ստանալու համար: Իսկ նրա երազած պաշտոնը, ինչպես վկայում են նրա մտերիմներից մի քանիսը, Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնն է, ուստի նրա դոկտորականն էլ ոչ թե գիտական հետաքրքրությունների արգասիք է, այլ միայն ու միայն ռեկտոր դառնալու ցանկությունն ամրապնդող հանգամանք: Իհարկե, հազիվ թե հիմա որոշում կայացվի պաշտոնանկ անել Դերենիկ Դումանյանին, ով իր տեսակով համապատասխանում է իշխանական «ստանդարտներին», բայց երիտասարդ կարիերիստը «միավորներ է կուտակում» հետագայի համար:
Կարեն Ավագյանի անվան շուրջ սկանդալային պատմությունները չեն վերջանում. մե՛րթ խոսվում է այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնում երկու թանկարժեք բնակարան է գնել, մե՛րթ փսփսալով մարդիկ ներկայացնում են նրա ղեկավարած Երիտասարդական հիմնադրամի «մութ գործերը»… Եթե այս ամենի մասին խոսում են, ուրեմն տիպիկ ժամանակակից քաղաքական գործիչ է, Հանրապետականի «չափորոշիչների» մեջ տեղավորվող: Այս երիտասարդի անունը սկսեց շրջանառվել հատկապես 2007-ից հետո, երբ նա դարձավ պատգամավոր, իսկ մինչ այդ անցել էր այնպիսի ճանապարհ, ինչպիսին անցնում են նրա որոշ հասակակիցներ:
Կարեն Ավագյանը երեւանցի է, ծնվել է 1974 թվականին: 1999թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետն ու ընդունվել օրդինատուրա, որն ավարտել է 2001 թվականին: Բնականաբար, բանակում չի ծառայել: 2001-2004թթ. սովորել է Բժշկական համալսարանի ասպիրանտուրայում: Ուշագրավ է, որ վերջին մեկ տարում սովորել է նաեւ Գերմանիայի Ա. Հումբոլդտի անվան համալսարանի ասպիրանտուրայում եւ հմտացել դատական բժշկության մեջ: Այսինքն` մի ոլորտի, որը Հայաստանում գտնվում է բարձիթողի վիճակում. գրեթե ոչ ոք մեզ մոտ լուրջ վերաբերմունք չունի դատական բժշկության հանդեպ: Ապագա պատգամավորը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` գիտական, մանկավարժական գործունեությունը համադրելով հանրային-քաղաքական գործունեության հետ: 2003-2005թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ: Հենց այդ ժամանակ արդեն Բժշկականում շրջանառվում էին խոսակցություններ, որ նա բուհի ղեկավարության դրածոն է, որ ուսանողական խորհրդարանը ծառայեցնում է իր կարիերային, երբեք չի ընդդիմանում բուհի ղեկավարության որոշումներին եւ չի պաշտպանում ուսանողության շահերը:
Դե, 2002-ից լաբորանտի կարգավիճակով դատական բժշկության ամբիոնում աշխատող Կ. Ավագյանին հարկավոր էր ինքնահաստատվել, շահել ղեկավարության համակրանքը, որպեսզի հեշտ լիներ հիմնական դասախոսական աշխատանքի տեղավորվելը: Բայց նա համոզված էր, որ այդ ամենը քիչ էր արեւի տակ տեղ ունենալու համար. հարկավոր էր նաեւ դառնալ իշխող կուսակցության անդամ: 2005թ. նա համատեղությամբ աշխատանքի անցավ վարչապետի աշխատակազմում` զբաղեցնելով օգնականի պաշտոնը: Նրան այս աշխատանքին ընդունեց Անդրանիկ Մարգարյանը, ում միջնորդությամբ էլ Ավագյանը դարձավ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար: Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Կարեն Ավագյանն ամեն ինչ արեց Սերժ Սարգսյանի ուշադրությանն արժանանալու համար: Եւ արժանացավ` ընդգրկվելով ՀՀԿ համամասնական ցուցակում:
Ինչպես շատերը, Կ. Ավագյանն էլ ցանկանում է լավ ապրել, օգտվել այն բոլոր բարիքներից, որոնցից օգտվում են իր մի շարք պատգամավոր ընկերները: Առաջին հերթին` այդ բարիքները նյութական բնույթի են: Եւ սկսեցին շրջանառվել լուրեր, թե նա զբաղվում է դեղերի ներկրմամբ: Կ. Ավագյանն, իհարկե, հպանցիկորեն հերքեց այս լուրերը, բայց հազիվ թե դրանք մտացածին լինեն, որովհետեւ մեզ մոտ ոչինչ հենց այնպես չի ասվում` ծուխն առանց կրակ չի լինում: Ինչպես, օրինակ, մայրաքաղաքի Բաղրամյան 79 հասցեում նրա ձեռք բերած բնակարանների մասին հիշատակումները, որոնք թեեւ Ավագյանը հերքեց, սակայն հակառակն ապացուցող տվյալներ կան:
ՀՀԿ-ում շատերը չեն սիրում Կ. Ավագյանին: Որոշ երիտասարդներ շշուկով խոսում են այն մասին, որ երիտասարդական նախաձեռնությունների եւ միջոցառումների համար նախատեսված գումարները ոչ միշտ են նպատակային կերպով ծախսվում, որ Ավագյանն իր բաժինն ունի այդ ամենից: Անգամ վերջերս ՀՀԿ-ական երիտասարդները որոշել էին բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին` «պատռելու» երիտասարդական թեւի առաջնորդի դիմակը: Ասում են, որ մի խումբ տարեց կուսակցականներ հանդիպումներ են ունեցել երիտասարդների հետ եւ խնդրել նրանց հեռու մնալ այդ ցանկության իրագործումից: Իսկ երիտասարդները ցանկանում էին խոսել նաեւ ՀԵ հիմնադրամի մասին, որի հոգաբարձուների խորհրդի համակարգողն է Կ. Ավագյանը: Ինչպես ասում են, նա միշտ այնտեղ է, որտեղ շահեր կան: Զարմանալի է, բայց փաստ, որ հենց Կ. Ավագյանն է զբաղվում կրթության ոլորտին տրվող դրամաշնորհների բաշխման եւ համակարգման խնդիրներով:
Չնայած իր երիտասարդ տարիքին եւ բանակից կիլոմետրերով հեռու լինելուն` Կ. Ավագյանը սիրում է ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասախոսություններ կարդալ, դասեր տալ նրանց, ովքեր խոսում են բանակում տիրող իրավիճակի մասին: Հաճախ ասուլիսների ժամանակ սկսում է «շշպռել» իր ընդդիմախոսներին` վերածվելով քաղաքական ծաղրաբանի, որի հայտարարություններն ու «վերլուծությունները» շատ հաճախ ծիծաղ են հարուցում: ՀՀԿ-ում ոմանք ասում են, թե Կարեն Ավագյանը շատ է ուզում նմանվել Արմեն Աշոտյանին` մոռանալով, սակայն, որ չունի Աշոտյանի մտավոր ընդունակություններն ու սրամտությունը:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ՈՒԶՈՒՄ Է ԲՈՆԱՊԱՐՏ ԴԱՌՆԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ