Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության. Հ. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է.

«Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության եւ պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Իհարկե, կան թերություններ եւ կետեր, որոնք ընդունելի չեն, օրինակ, շահութաբերության սանդղակը շատ բարձր է՝ 23.5 տոկոս, որին ես սկզբունքորեն դեմ եմ: Չի կարող լինել այնպիսի մի գործարք, որի դեպքում ապագա գնորդը 23.5 տոկոս շահութաբերություն ունենա: Մեր երկրում այդպիսի գործարք չի եղել, եւ այժմ աշխատում ենք այդ կարեւոր փաստի վրա: Մենք կարեւորում ենք ամերիկյան խոշոր ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը մեր տնտեսությունում: Ինչ վերաբերում է ընկերության նկատմամբ վստահությանը, ապա ես որեւէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք արդեն 2-3 ամիս թափանցիկ աշխատում ենք: Որեւէ ճնշում կամ ազդեցություն չկա: Լուրեր են շրջանառվում նաեւ, որ գործարքն ուզում ենք անվավեր համարել եւ օտարել ռուսական որեւէ կազմակերպության: Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ, դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որեւէ այլ երկրի գործարարին օտարելուն: Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին մեր մոտեցումները, սկզբունքորեն այն բոլոր կետերը, որոնց հետ համաձայն չենք: Իրենք կտան կարծիք. եթե կհամաձայնվեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա եւ չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը»:

ՀՀ կառավարության երեկվա նիստում՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերաբերյալ ընդունված որոշման կապակցությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Այնտեղ կա կուտակված պարտք, եւ մեզ անհրաժեշտ է 3-4 օր քննարկելու եւ որոշում կայացնելու համար: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր գործընթաց ունենա իր իրական պատկերը: Որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, կաշկանդվածություն չկա, եւ եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են եղել այդ իրադարձություններում, պատասխան են տալու»:

Վարչապետը խոսել է նաեւ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ ընդգծելով. «Հայաստանի քաղաքացու բարեկեցությունն ուղղակիորեն կախված է մեր տնտեսության զարգացումից, ինչից էլ կածանցվեն մեր հաջողությունները բոլոր բնագավառներում»:




Լրահոս