ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐՆ ԷԼ ՉԵ՞Ն ԲՈՒՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ,  որ  մետրոյի  «Երիտասարդական» կայարանի  հարեւանությամբ գտնվող գետնանցումում արդեն սկսվել է կրպակների  ապամոնտաժման  գործընթացը: Հիշեցնենք, որ այդ տարածքը Երեւանի քաղաքապետարանն այս տարի վաճառեց «Գրեյթ Վիկտորյա» ՍՊԸ-ին: Քաղաքապետարանն ամիսներ առաջ այդ քայլը բացատրեց մայրաքաղաքի գետնանցումներում տիրող հակասանիտարական վիճակի վերացման անհրաժեշտությամբ:   
Այս առիթով զրուցեցինք գետնանցումի կրպակատերերից մեկի` «Հաղարջ» ՍՊԸ-ի  տնօրեն Աշոտ Սարգսյանի հետ: Վերջինս այդ տարածքում գրքերի  մի  քանի  խանութներ ունի: «Անցյալ տարի էին ուզում քանդել, բայց ընդառաջեցին մեզ եւ  թողեցին,  որ  աշխատենք:  Հիմա արդեն քանդում են` ասելով, թե 10 միլիոն դոլարի ներդրում պետք է անեն` վերանորոգելու համար»,-տեղեկացրեց վաճառականը` ավելացնելով, որ մարդիկ սկզբում բողոքել են,  բայց  հետո  հասկացել, որ ճիշտը դա է. «Աղմուկ բարձրացնելու հարց չի: Հորս գերեզման, վատ բան չկա»:
Իհարկե, վաճառականները դժգոհ են իրավիճակից: «Լավ չի, տհաճ է, բայց ի՞նչ անես,  որ  մարդիկ  ուզում  են   սիրունացնեն,  պտի  դիմանաս»,-ասաց «Հաղարջ»  ՍՊԸ-ի  տնօրենը: Նրա տեղեկացմամբ` ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսն էլ են այցելել իրենց` օգնելու նպատակով: Բայց երբ տեսել են իրավիճակը, հասկացել են, որ անիմաստ է աղմկելը:
Տեղում պարզեցինք, որ վաճառականներին սեփականատիրոջ ներկայացուցիչները վստահեցրել են, որ դեռ մեկ շաբաթ էլ կարող են աշխատել, որից հետո գործազուրկ կմնան. վերանորոգման աշխատանքները կտեւեն 2-3 տարի: Նրանց համար նախատեսված է նաեւ փոխհատուցում` 1 քառակուսի մետրի դիմաց 140.000 դրամի չափով: Իսկ երբ բարեկարգումն ավարտվի, կրպակատերերին հնարավորություն կտրվի գետնանցումում շարունակել իրենց բիզնեսը:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանի հետ, ով բացատրեց. «Մարդը ներդրումներ է կատարում եւ խոստացել է, որ այդ հատվածը կդառնա բավականին բարեկարգ: Բնականաբար, դրա հետ զուգահեռ` տվյալ գետնանցման սանիտարական մաքրություն կիրականացնի: Որեւէ դժգոհություն մենք այս պահին  քաղաքացիներից  չունենք»:
Իսկ  «Գրեյթ  Վիկտորյա» ՍՊԸ-ի  հետ  մեզ  չստացվեց  կապ  հաստատել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների  համաձայն`  ընկերության  սեփականատերն  է  Կարեն  Բաղդասարովը, որին վաճառականները չեն ճանաչում: Միայն լսել են նրա ներկայացուցչի խոստումները, թե մոտ ապագայում մայրաքաղաքի գոնե այդ գետնանցումը չի բուրի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս