Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:
Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2014թ. Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվում է կառուցել և բարեկարգել 14750 քմ ընդհանուր մակերեսով 65 բակ:
Ծրագրի համաձայն՝ բակային այս տարածքները ևս կդառնան հանգստի յուրօրինակ գոտիներ՝ նստարաններով, զրուցարաններով ու ժամանակակից խաղային ատրակցիոններով: Հարկ է նշել, որ բարեկարգվող բակերն ապահովվում են նաև արտաքին լուսավորությամբ: Բակերի բարեկարգման ծրագիրն իրականացնելու համար բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց հանդիսավոր բացումը:
Բարեկարգման աշխատանքների շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև կանաչ գոտիների ստեղծմանն ու այդ տարածքները ոռոգման համակարգով ապահովելուն: Բակային տարածքների կանաչապատման արդյունքում ընթացիկ տարում միայն Դավթաշեն վարչական շրջանում կանաչ մակերեսը կավելանա ևս 3800 քմ-ով: Զուգահեռաբար իրականացվում են նաև նկարազարդման աշխատանքներ, որոնք նոր շունչ ու վառ գույներ են հաղորդում բակային տարածքներին:
Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքը, որպեսզի դրանք բոլորն ավարտվեն նախատեսված ժամկետներում:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է նաև վարչական շրջանի թիվ 58 և 59 մանկապարտեզներում: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզների տնօրեններն ու աշխատակիցները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն