ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՎՐԱՆ ԴՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր շարունակ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց քաղաքացիները կարող էին տեսնել կարմիր վրան, որի վրա փակցված ցուցանակը` «Քվեն ուժ է», հուշում էր մարդկանց, որ ակցիան առնչվում է գալիք խորհրդարանական ընտրություններին։ Թեեւ ակցիայի մասնակիցները հավաստիացնում էին, որ այն որեւէ կուսակցության հետ չի առնչվում, միեւնույն է, բոլորը գիտեն, որ նախաձեռնության կազմակերպիչները դաշնակցականներ են։ Մի քանի ամիս առաջ դարձյալ նույն վրանը նույն տեղում էր, եւ երիտասարդ ակտիվիստները կանգնեցնում էին մարդկանց, բուկլետներ բաժանում, որոնցով կոչ էր արվում տեր կանգնել սեփական ձայնին, փոխարենը քաղաքացիները թողնում էին իրենց ստորագրությունները։ Ստորագրահավաքը, սակայն,  չարդարացրեց ակցիայի կազմակերպիչների սպասելիքները, եւ նրանք ստիպված եղան հայտարարել, որ մարդիկ բավականին պասիվ են, եւ չնայած այն հանգամանքին, որ վրանը տեղադրված է քաղաքի կենտրոնում, քչերն են մոտենում: Ընտրությունների նախաշեմին ակցիայի կազմակերպիչները դարձյալ ակտիվացել են, սակայն այս անգամ ոստիկանները չեն թույլատրում վրանը քաղաքի կենտրոնում տեղադրել։  Ակցիայի ներկայացուցիչները հրավիրվել են ոստիկանության բաժանմունք, որտեղ  պետի` Վարուժան Շաշիկյանի առանձնասենյակում հանդիպում է տեղի ունեցել իրավապահների հետ։ Երիտասարդներին  հորդորել են հանել վրանը` բացատրելով, թե մայրաքաղաքից են «խառնվել»` անձամբ փոխնախարարը, եւ որ կազմակերպիչներն օրենքի խախտում են թույլ տալիս, քանի որ արտոնված չէ քաղաքի կենտրոնում վրան տեղադրել։
Մեր այն հարցին, թե ինչու ոստիկանները թույլ չեն տալիս վրան տեղադրել, ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վ. Շաշիկյանը նշեց. «Ոստիկանը վրան հանող չէ։ Նման բան չկա, որ ոստիկանները չեն թողնում, դրանք ավելորդ խոսակցություններ են։ Ոստիկանն ավելի լուրջ գործ ունի։ Բայց եթե հակաօրինական լինի ինչ-որ բան,  վրան էլ կհանի, վրան էլ գլխին կքաշի։ Ակցիայի կազմակերպիչները խաբում են, որ ասում են, թե ոստիկանները չեն թողնում` վրան տեղադրեն»։
Սակայն ակցիայի կազմակերպիչները հակառակն են պնդում: ՀՅԴ անդամ  Գեւորգ Ալեքյանը, ի պատասխան Վ. Շաշիկյանի հայտարարությունների, ասում է, որ իրենք օդից չեն վերցրել խոսակցությունները, կարող են նաեւ ասել այն մարդկանց անունները, որոնք հրավիրվել են ոստիկանություն. «Այսօր սեղանն էլ կհանեին, եթե լրատվամիջոցները չխառնվեին։ Ես արդեն ասել եմ` օրենքը բերե՛ք, հանեմ տանեմ զոնտիկը։ Հենց պետի կաբինետում է եղել խոսակցությունը, ասել են` բերեք վե՛րջ տվեք էդ ակցիային, մի՛ կազմակերպեք եւ այլն»։ «Քվեն ուժ է» ակցիայի կազմակերպիչները վճռական են տրամադրված եւ հայտարարում են, որ ակցիայով որեւէ մեկին չեն վնասում, հակառակը` իրազեկում են մարդկանց, ուստի չեն պատրաստվում կատարել ոստիկանների հրահանգները, հատկապես այն դեպքում, որ դրանք ներկայացվում են առանց ծանրակշիռ հիմնավորման։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս