«ՖԵՅՍԲՈՒՔ»-Ն ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ է, որ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը` «Ֆեյսբուք»-ը, ի դեմս իր հայկական տիրույթի, վաղուց արդեն դադարել է զուտ որպես շփման միջոց կամ «օդնոկլասնիկյան» ոգով ասած` «աղջիկ կպցնելու» հարթակ լինել: «Ֆեյսբուք»-ը վաղուց վերածվել է Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունների, հասարակական դժգոհության արտահայտման կամ հասարակական տարբեր հոսանքների դրսեւորման միջավայրի: Եւ բնականաբար, հայկական «Ֆեյսբուք»-ին ուշիուշով հետեւում են նաեւ արտերկրի հատուկ ծառայությունները:  
Մի կողմ թողնենք ցանցում ընթացող ներքաղաքական պայքարը, ինչն արդեն վերածվում է բառախաղի եւ կեղծ պրոֆիլների միջոցով տեսակետներ ու նյութեր տարածելու, ինչպես նաեւ ամեն գնով հավանել (like) կոճակը սեղմելու ու կեղծ հարցումների հրապարակման, փորձենք վիրտուալ տիրույթում մեր պետական ծառայողների տեղադրած տեղեկություններն ու լուսանկարները դիտարկել երկրի անվտանգության տեսանկյունից:  
Արդեն վաղուց մեր հասարակությունում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ասոցացվում է, համակարգչային լեզվով ասած, հնացած, չթարմացվող հակավիրուսային ծրագրի հետ: Հաշվի առնելով ԱԱԾ աշխատակիցների ցածր աշխատավարձերը, համակարգում տիրող սովետականին մոտ բարքերն ու մեթոդները, դժվար չէ մոտավոր պատկերացում կազմել սույն կառույցի արդյունավետ աշխատանքի մասին:
Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետեւ անզեն աչքով երեւում է, որ սոցիալական ցանցերում զետեղված տեղեկություններից հակառակորդ պետությունները, առանց մեծ ջանքեր գործադրելու, կարող են տեղեկություններ քաղել մեր երկրի մասին: Որպես այս թեմայի առաջին նյութ` ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ֆեյսբուքյան կոլեկտիվ լուսանկարների վրա, որոնցով յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե ովքեր են այս կամ այն հիմնարկների, տարատեսակ ստորաբաժանումների աշխատակիցները: Սկզբնական շրջանում մենք չենք ցուցադրի անձանց դեմքերը եւ չենք գրի նրանց անունները: Պարզապես զգուշացնում ենք, որ ճիշտ չէ այսքան անկեղծանալն ու կանխատեսելի դառնալը:
Նկար առաջին. տեսնելով սա` մենք հասկանում ենք, որ այս անձն աշխատում կամ ելումուտ ունի ՀՀ նախագահի նստավայր, հետո` օրինակ` google որոնողական համակարգով փնտրում ենք նրա անունը եւ տեսնում, որ լրագրող չէ, ինչը հավանական տարբերակներից մեկն է, եւ ենթադրում ենք, որ աշխատում է նախագահական նստավայրում: Սրանից հետո թերթում ենք այս օգտատիրոջ մյուս նկարները (ընկերական խնջույք, աշխատասենյակ, նախագահական նստավայրի եւ կառավարության շենքերի ներսը), մոտավոր պատկերացում ենք ունենում անձնակազմի, նրանց հետաքրքրությունների, կենսագրական ոչ պաշտոնական տվյալների, նաեւ ունեցած կապերի մասին:
Այս տեղեկությունները հետագայում կարող են օգտագործվել, օրինակ, լրտեսական ցանց ստեղծելու կամ արդեն Հայաստանի Հանրապետությունում գործող ռեզիդենտների գործողություններն ուղղորդելու համար: Բայց որպեսզի ասվածն ավելի առարկայական երեւա, հիշեցնենք, որ խոշոր պետությունները տեղեկություններ հավաքելու համար շատ են աշխատում կանանց եւ աղջիկների վրա` բեմականացնելով տարատեսակ սիրավեպեր եւ նույնիսկ ամուսնություններ: Իսկ որ Հայաստանում շատ է բացբերանությունը, փաստ է:  Ինչը նշանակում է, որ օտար երկրները, առանց լուրջ ծախսեր իրականացնելու, կարող են դրսեւորվել Հայաստանում: Իսկ ո՞ւր է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կամ պետությունը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս