Շարունակում ենք ներկայացնել Սեւանա լճի այսօրվա իրավիճակի վերաբերյալ մասնագիտական վերլուծությունը, որի սկիզբը հրապարակվել էր նախորդ համարներում:
Ներկա պահին տասնյակ հազարավոր արժեքավոր ծառատեսակներ հայտնվել են ջրի մեջ, որոնց փաստացի խտությունը 1 հա-ում եւ նրանցից գոյացած փայտանյութի եւ բնափայտի քանակական ու որակական ցուցանիշները չեն համապատասխանում պաշտոնական տվյալներին: Նրանց մեջ կան հսկայական տարբերություններ, եւ այդ ահավոր տարբերությունն է, որ առաջացնում է հանցավոր չարաշահումներ եւ Պետության սեփականության պաշտպանության իրավունքի ցնցուն եւ աղաղակող խախտումներ:
2006-2012թթ. Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով ջրածածկ լինող անտառապատ տարածքների մաքրման արդյունքում հատվել է շուրջ 2.400.000 հատ արժեքավոր ծառատեսակ: Եւ նրանց թվում է, թե ստացվող պաշարի` շինափայտի, վառելափայտի, ջախի եւ նույնիսկ արմատների ամբողջովին իրացնելուց, միլիարդների հասնող դրամական միջոցները յուրացնելուց ու տեղերն էլ ջրածածկ լինելուց հետո կարող են ներկայացնել որպես անարժեք թփատեսակներ` չիչխանի թփեր եւ թփային բարդիներ: Չգիտակցելով, որ ինտերնետը եւս 2006թ. մինչ այժմ տալիս է այս գործի ապացուցման համար անհրաժեշտ բոլոր փաստերն ու անտառտաքսային ցուցանիշները, ըստ` տեսականու, բարձրության եւ բնի հաստության, 1 հա-ում ծառերի քանակի եւ այլն: Եւ այդ խայտառակ խարդավանքով պետության օրինական շահերին պատճառելով ծանր հետեւանքներով աղետալի վնասներ:
Օրինակ` 2006-2007թթ. եւ մինչեւ 2007թ. 3-րդ եռամսյակի իրացրած կենսապաշարի 146.400 մ3 ծավալների դիմաց կատարվող բնօգտագործման պարտադիր վճարների մասով պետությունը միայն «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հիշյալ խարդավանքների արդյունքում կրեց շուրջ 217.0 մլն ՀՀ դրամի վնասներ: Ահա այն արտառոց չարաշահումներից մեկը, որի դեմ ժամանակին ընդվզելու եւ պետության շահերը պաշտպանելու համար ինձ դարձրին զոհ եւ վերոգրյալ արտասովոր կարգով հեռացրին պաշտոնից: Մի հանգամանք, որը պետության դեմ մինչեւ այսօր գործում է, որի վրա էլ հրավիրում եմ երկրի ղեկավարների, պատկան եւ շահագրգիռ մարմինների ուշադրությունը…
Հիշեցման համար նշեմ եմ, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածի 2-րդ մասի` «Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»: Ուստի լիազոր պետական մարմնի ղեկավարը պարտավոր էր առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի, 11.04.2005թ. «Բնապահպանության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի եւ 25-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով ու նշանակել ստուգում` ապահովելով ստուգման նպատակի հետ կապված փաստաթղթերի տվյալների, տեղեկությունների, բացատրությունների, տեղեկագրերի ստացումը, մարկշեյդերների եւ այդ միջոցների ապահովումը՝ ստուգումն ըստ պատշաճի իրականացնելու համար: Որն էլ փաստացի ձախողվեց:
Հետեւաբար ներկայացրած արտառոց խախտումների ու դրանց հետեւանքով պետությանը հասցրած վնասների ողջ պատասխանատվությունը մնում է բնապահպանական մարմինների վրա…
«Սեւան ազգային պարկ»
ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից