Դատական իշխանությունը պետք է ունենա կայունություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանում հուլիսի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի վերջին հանդիպումը: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված մասնագիտական առաջարկությունները, եզրակացությունները, հայեցակարգի կառուցվածքը, դրանում առկա դրույթները, սկզբունքներն ու գաղափարները  ներկայացրեցին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Գեորգի Կուտոյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների սկզբունքային նշանակության ու հասունացած անհրաժեշտության մասին, նշեց, որ դա պայմանավորված է հասարակական նոր իրողությունների ձևավորմամբ, միջազգային չափանիշներով և մի շարք այլ գործոններով: Հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում ձևավորված պահանջների հրամայականը վկայում է, որ սահմանադրական բարեփոխումը տրամաբանորեն ձևավորված և օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այն հիմնված է միջազգային փորձի գիտական ու գործնական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` առաջին հերթին պետք է ամրագրվի իրավունքների անմիջական գործողության սահմանադրական կարգավորումը:

Ըստ նրա` սահմանադրությամբ որոշված չեն իրավունքների սահմանները, որոնք առնչվում են մարդու ազատությունների սահմանափակումներին, օրինակ` ազատ տեղաշարժի դեպքում պետք է հստակորեն սահմանվի հանցագործությունների դեպքում տեղաշարժի սահմանափակումը: «Սոցիալական պետության սահմանադրաիրավական ամրագրումները պետք է հստակեցվեն: Դրա  էությունը սոցիալական ապահովագրության նպատակային քաղաքականության իրականացումն է»,-նշեց նա: Պետք է սահմանվեն իրավական ուղենիշներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական ապահովության և սոցիալական ծառայության իրականացմանը: Դատական իշխանությունը պետք է հստակորեն սահմանադրական կարգավորումներով ունենա կայունություն և գործառույթային անկախություն, որպեսզի կարողանա հակակշռել իշխանության մյուս ճյուղերին:

«Սահմանադրական փոփոխությունների գործընթացում ամենից շահարկվողը կառավարման մոդելն է: Մարդիկ չեն ուզում տեսնել հասունացած անհրաժեշտությունը, որը ենթադրում է կառավարման համակարգի վերանայում»,- նշեց Վարդան Պողոսյանը: Նա պարզաբանեց, որ հայեցակարգով վերջնական որոշում չկա կառավարման ձևի վերաբերյալ, դա դեռևս մշակման փուլում է, պառլամենտական ձևին անցումը քննարկումների այլընտրանքային  մոտեցում է, նույնը նաև երկաստիճան դատական համակարգին անցնելուն է վերաբերում: Այս երկու սկզբունքների վերաբերյալ դեռևս առկա չէ վերջնական որոշում: «Կիսանախագահական կառավարման ձևը կառավարման հիբրիդային մոդել է: Գործող սահմանադրությամբ անբնական իրավիճակ է, քանի որ նախագահը ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը, սակայն մեկ այլ դրույթով նշվում է, որ արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը: Քաղաքական առճակատման պայմաններում մենք չունենք կոնֆլիկտը լուծելու բավարար հնարավորություն»,- նշեց հանձնաժողովի անդամը:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ պառլամենտական կառավարման համակարգում նախագահը քաղաքական գործընթացներում ուղղակի ներգրավվածության հնարավորություն չունի: Սահմանադրությամբ մենք ամրագրում ենք, որ նախագահը հանդիսանում է սահմանադրական կարգի երաշխավորը, սակայն դրա համար պետք է այնպիսի նախագահ, ով պետք է լինի վերկուսակցական, որպեսզի հետևի Մայր օրենքի անաչառ պահպանմանը: Անդրադառնալով ընտրական համակարգին` հանձնաժողովի անդամը նշեց, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված դրույթով հնարավոր կլինի ապահովել ընտրական համակարգի կայունությունը` հընթացս բարձրացնելով կուսակցական համակարգի կայացման մակարդակը: Նախատեսվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են կտան քաղաքացիներին ավելի ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներում հանրաքվեների միջոցով: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տեղական ինքնակառավարման խնդիրներին: «Համայնքների խոշորացմամբ պետք է հնարավորություն տրվի փոքր համայնքներին միավորվել և իրականացնել արդյունավետ տեղական ինքնակառավարում»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվեցին Սահմանադրությամբ հասարակական հարաբերությունների զարգացման հեռանկարով,  սահմանադրական փոփոխությունների մեխանիզմների կիրառմամբ` արդյոք հնարավոր է որոշ դրույթներ փոփոխել պառլամենտի միջոցով, կառավարման մոդելի փոփոխության սկզբունքներով, համայնքների խոշորացմանն առնչվող հիմնախնդիրներով և այլն: Հանձնաժողովի անդամները հանգամանորեն անդրադարձան բարձրացված բոլոր հարցերին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս