Armenian text to speach

ԵՏՄ-ն երկրում խառնել է ամեն ինչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հինգշաբթի՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերից ազատված ապրանքատեսակների վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել:

«Բանակցություններն ավարտված են: Այսօրվա դրությամբ նոր առաջարկներ չկան, ինչ համաձայնեցված է՝ համաձայնեցված է… Համաձայնեցված է այն ռեժիմով, որը գործում է ներկայում»- ասել է Ճշմարիտյանը` հավելելով, որ խոսքը 750-800 ապրանքների մասին է: Նրա խոսքերով՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ Հայաստան այդ ապրանքները ներկրվելու են նույն մաքսային ռեժիմով, ինչ այսօր է: Ասել է թե՝ ԵՏՄ-ի մաքսատուրքերը մի քանի տարի չեն կիրառվելու ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ. խոսքն ազգային մակարդակով զգայուն, այդ թվում նաեւ` սոցիալական նշանակության ապրանքների` թռչնամսի, շաքարավազի, դեղորայքի եւ այլնի մասին է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մաքսատուրքերի նկատմամբ արտոնությունը նախնական պայմանավորվածության համաձայն, տրվելու է մինչեւ 5 տարի ժամկետով:

«Ժողովուրդ»-ը փորձեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից հավելյալ մանրամասներ ճշտել, թե կոնկրետ որ ապրանքների դեպքում չեն կիրառվելու ԵՏՄ-ի մաքսատուրքերը եւ որքան ժամանակ է գործելու այդ արտոնությունը, սակայն պատասխանը չեղավ. «Ինչ ասել է նախարար Ճշմարիտյանը, դրան ավելացնելու որեւէ բան չունենք»,- փոխանցեցին նախարարության լրատվական ծառայությունից:

Նկատենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված է լինելու կանոնակարգել իր հարաբերությունները Առեւտրի համաշխահային կազմակերպության հետ: Բանն այն է, որ, լինելով ԱՀԿ անդամ, Հայաստանը ԵՄ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունն իրականացնում է` օգտվելով մաքսատուրքերի բազմաթիվ արտոնություններից: Մինչդեռ, ԵՏՄ-ին անդամակցության դեպքում այդ արտոնություններից ՀՀ-ն կզրկվի, ինչն էլ լրացուցիչ խոչընդոտներ կհարուցի: Ավելին՝ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը դեռ հունիսի վերջին ասել էր. «Եթե Հայաստանը հաջողությամբ անդամակցի մեր ձեւաչափին, համաձայնագիր ստորագրի եւ այն վավերացվի, ապա այն պետք է փոխհատուցումների մասին բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ»:

Ճշմարիտյանն այդ օրվա իր հայտարարությամբ, սակայն, մեկ այլ լուրջ բացահայտում է արել: Նախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ տնտեսական առումով կողմերի միջեւ հաջողվել է համաձայնության գալ: Բայց քանի որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունն անընդհատ հետաձգվում է, նշանակում է` խնդիրը քաղաքական է: Մի բան, որ ընդդիմությունը պնդել է մշտապես: Իսկ քաղաքական խնդիրն առաջին հերթին կապված է ԼՂՀ-ի հետ: Ինչպես հայտնի է` նաեւ ԵՏՄ անդամ երկրների պահանջն է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ դնել մաքսային սահմաններ, մի բան, որ անընդունելի է հայկական կողմի համար:

Կրկին այդ «Նաիրիտ»-ը

Կարեն Ճշմարիտյանը երեկ մեկ այլ ուշագրավ բացահայտում է արել, այս անգամ` կապված «Նաիրիտ» գործարանի հետ: Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած իշխանությունները բանակցություններ են վարել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ` «Նաիրիտ»-ը նրանց վաճառելու վերաբերյալ: Պարզվում է, սակայն, որ այդ բանակցություններն, ըստ էության, տապալվել են ու «Ռոսնեֆտ» ը տեւական ժամանակ է` որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում  «Նաիրիտ» ի նկատմամբ: Հարցին, թե արդյոք կա±ն հույսեր, որ «Նաիրիտ»-ի հետ կապված գործարքը կկայանա, ու «Ռոսնեֆտը» ներդրումներ կանի այդ գործարանում, նախարարը պատասխանեց, թե նրանց մտադրությունների մասին առայժմ նոր տեղեկություններ չկան:

Սա ուշագրավ է այն առումով, որ «Նաիրիտ»-ը դարձել է իսկական գլխացավանք, եւ երբ գարնանը ընդդիմությունն առաջարկում էր Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` պարզելու, թե ուր են կորել այդ գործարանին հատկացված ներդրումային վարկերը, ինչ են եղել ծրագրերը եւ ինչու այս գործարանը բազմաթիվ սեփականատերեր փոխելով այդպես էլ չի կարողանում աշխատել, իշխանությունները միաբերան պնդում էին` «սպասենք «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունների ավարտին, դրանից հետո նոր կձեւավորենք հանձնաժողովը»:

Այնինչ, այսօր «Նաիրիտ»-ը նաեւ այդ պարտքերի պատճառով չի կարող ոտքի կանգնել, ինչը ցույց է տալիս, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը գնալով պարտադիր է դառնում: Մանավանդ որ, անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ստիպված եղել խոստովանել. «Մենք մի կոլապսի մեջ ենք մտած, երկու ամիս է՝ ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել` ինչ են արել, ոնց են տարել, ոնց են բերել: Հիմա երկու ամիս էª չենք կարողանում գտնենք՝ ով է սեփականատերը…»:

Եվս մեկ հետաքրքիր փաստ. «Նաիրիտ»-ով հետաքրքրված «Ռոսնեֆտ» ընկերության նկատմամբ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ուկրաինական ճգնաժամին հետեւած իրադարձությունների համատեքստում պատժամիջոցներ է կիրառել: Երեկ Կարեն Ճշմարիտյանը դժվարացավ ասել, թե «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ պատժամիջոցներն ինչ հետեւանքներ կունենան նաեւ «Նաիրիտ»-ի գործարքի վրա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս