ՀԱՐՑ. Ես Վրաստանի քաղաքացի եմ, բայց ազգությամբ հայ եմ: Ես եւ աղջիկս ուզում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալ: Խնդրում եմ ասել, թե ինչպես են Հայաստանում քաղաքացիություն ստանում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1. օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում,
2. կարող է հաղորդակցվել հայերենով,
3. ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
Առանց 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը`
1. որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա,
2. որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար,
3. որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ,
4. որը 1995թ. հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից:
Առանց 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել ՀՀ-ին բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
ՀՀ քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի ՀՀ կառավարության լիազոր մարմնին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բավական հակասական պայմաններ են թվարկված, որոնց մեծ մասի վերաբերյալ մարդիկ թերեւս առաջին անգամ կլսեն: Ավելի հավանական է, որ նշված պայմանները մեծամասամբ ձեւական են, եւ ՀՀ քաղաքացիություն կարելի է ստանալ առանց նշված «չափորոշիչներին» համապատասխանեցնելու: