Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հուլիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուսումնական տարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության եւ մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները:
Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների պետեր, զորամիավորումների հրամանատարներ եւ այլք: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ փոխհամագործակցության շրջանակում Կոլեգիայի նիստին ներկա էին նաեւ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը եւ ՊԲ բարձրաստիճան սպաներ:
ԶՈւ 2014 թվականի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ Կոլեգիայի նիստի մեկնարկից առաջ ուսումնական փուլի ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով:
Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով տարածաշրջանային ներկայիս զարգացումներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հատկապես նման իրավիճակում անհրաժեշտ է ապահովել բարձր զգոնություն, նվազագույն մակարդակի հասցնել բացթողումներն ու թերացումները:
Հաշվետու զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը եւ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Զեկույցներում ներկայացվեցին ձմեռային ուսումնական փուլի ընթացքում իրականացված համաբանակային ստուգումների արդյունքները, մատնանշվեցին հայտնաբերված բացթողումները եւ ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները: Առանձնահատուկ շեշտադրումներ կատարվեցին վերջին շրջանում գրանցված հրադադարի ռեժիմի խախտման եւ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման եւ հակազդման գործում համապատասխան ստորաբաժանումների արագ եւ արդյունավետ աշխատանքի մասին:
Կոլեգիայի հերթական նիստը համընկել էր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական գործընթացին եւ այն համատեղվել էր երիտասարդ սպաների համագումար-հավաքի հետ: Ըստ այդմ` նիստին առաջին անգամ ներկա էին նաեւ ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտները: Այս տարի առաջին անգամ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների շարքերում են իգական սեռի երեք ներկայացուցիչներ: ՀՀ պաշտպանության նախարարը նիստի ընթացքում հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց յուրահատուկ խիզախում դրսեւորելու եւ զինվորական մասնագիտություն ընտրելու համար