Անասնաբույժի կրթությամբ չինովնիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ երկրի կառավարման կուսակցականացումը ոչ միշտ է դրական արդյունքներ տալիս, քանի որ շատ դեպքերում առնչվում ենք ոչ հավասարակշռված, երբեմն` նույնիսկ տարօրինակ վարքագծով աչքի ընկնող անձանց հետ, որոնք, իրենց պատկերացմամբ, գուցե լավ են աշխատում հարազատ կուսակցության համար, սակայն իրականում, ինչպես ասում են, «խայտառակում են ռեսպուբլիկան»:

Վերցնենք, օրինակ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին: Պաշտոնի եկած օրվանից մամուլը նրան նույնքան հաճախ է անդրադառնում, որքան Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին, քանի որ մեր «հերոսին» էլ հաջողվում է անընդհատ հայտնվել ինչ-որ խուճուճ պատմությունների կիզակետում:

Այդսես, դեռևս մարզպետի տեղակալի պաշտոնում նա աչքի էր ընկնում դաշնակցական վերադասի նկատմամբ դավեր նյութելով, այնպես որ, զարմանալի չէր, որ 2009-ին տեղակալի աշխատասենյակից տեղափոխվելով մարզպետի աշխատասենյակ` առաջին բանը, որ նա արեց, կադրային ջարդն էր: Սակայն դրանով էլ չսահմանափակվեց. մամուլում պարբերաբար տեղեկատվություն էր հայտնվում, որ Ս. Սահակյանը սրան-նրան սպառնում է աշխատանքից ազատել կամ ազատում է, ինչպես դա եղավ մի քանի տարի առաջ ամռանը, երբ նա ազատեց մարզպետարանի վարչության ու բաժնի միանգամից 7 պետի միայն այն բանի համար, որ նրանք չեն համալրել Հանրապետական կուսակցության շարքերը:

Մասնագիտությամբ անասնաբույժ մարզպետը 1996-ից գրանցվել է Արագածոտնի մարզպետարանում, այնպես որ նրան ավելի շատ ոչ թե անասնաբույժ, այլ ուղնուծուծով չինովնիկ կարելի է համարել, ու այդպես էլ կա: Սեփական աշխատակազմում կադրային ջարդ իրականացնելուց զատ՝ նա նաև աչքի է ընկնում մարզի կրթական հաստատությունները համակ ուշադրության կենտրոնում պահելով` բռնապետական մեթոդներով պարտադրելով ոչ միայն զանազան թատրոն-կրկեսային տոմսեր գնել, այլև՝ դպրոցներում հարազատ-ազգականներին պաշտոններ բաժանելով: Այսպես, նրա հրահանգով ու միայն մեկ զանգով մի քանի տարի առաջ Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի ուսմասվար, ընդ որում, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռաֆիկ Ասատրյանն ազատվեց աշխատանքից, իսկ նրան փոխարինեց կրթության հետ բոլորովին առնչություն չունեցող, սակայն մարզպետի համար վստահելի մի անձնավորություն: Ու նման դրվագները մարզի դպրոցներում բազմաթիվ են:

Մարզպետ Սահակյանին այլ գործընկերներից կարելի է տարանջատել մի հատկանիշով` նա նախագահ Սերժ Սարգսյանի ֆանատն է բառիս բուն իմաստով, ընդ որում, դժվար է ասել` այդ սերը ծագել է պաշտոն ստանալուց առա՞ջ, թե՞ հետո: Ամեն դեպքում, նրա շրջապատի անձինք նշում են, որ եթե այդ պաշտամունքը եղել է, ապա՝ խիստ ներքուստ: Մինչդեռ հիմա այն պարզապես աչք է ծակում` հարազատ կուսակցության ու հատկապես կուսակցապետի աչքերում արժանի երևալու համար: Իսկ պատճառներն ավելի քան առկա են:

Սահակյանների կլանը շարունակում է ուժեղանալ` իր շրջապատը մաքրելով անցանկալի մարդկանցից, ինչպես նաև՝ պաշտոնները պահպանելու ու նորերը ձեռք բերելու պայքարում ներքաշելով օլիգարխիկ այլ կլանների:




Լրահոս