ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հոգեբուժական ծառայության հիմնախնդիրներին, հանրապետության հոգեբուժական հաստատություններում տիրող ներկա իրավիճակին, դեղերի շրջանառությանը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովմանը, այդ թվում` ժամկետանց դեղերի բացառմանը վերաբերող և այլ հարցեր։ Խիստ քննարկման առակա դարձան նաև հիվանդանոցների ընդհանուր սանիտարական վիճակին, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Վերջին երեք ամիսների ընթացքում սա հոգեբուժարանների հիմնախնդիրներին նվիրված երրորդ քննարկումն էր։ Բացի այդ, Արմեն Մուրադյանն այցելել է հանրապետության տարբեր հոգեբուժական հաստատություններ, տվել կոնկրետ հանձնարարականներ:
Առողջապահության նախարարը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հոգեբուժական ծառայություններին առնչվող խնդիրներին` սկսած` հիվանդանոցների տարրական պայմաններից, պահեստներից ու խոհանոցներից, ներառյալ` առաջին բուժօգնություն և կարդիոռեանիմացիա` ընդգծելով, որ նշված բոլոր հարցերը բարձրացվել և մասնագիտական վերլուծություն է կատարվել դեռևս նախորդ` մայիս-հունիս ամիսներին հոգեբուժարաններ կատարած իր այցերի ընթացքում: Արմեն Մուրադյանը հոգեբուժական հիվանդանոցների տնօրեններին հանձնարարեց երկօրյա ժամկետում հոգեբուժարաններում շտկել իրավիճակը, հակառակ դեպքում խիստ միջոցներ կձեռնարկվեն:
«Հստակ պահանջ եմ ներկայացնում ձեզ` մինչև երկուշաբթի օրը հոգեբուժական հաստատություններում սանիտարական վիճակը բերել պատշաճ մակարդակի և ապահովել որակյալ հոգեբուժական ծառայություն»: Նախարարը հանձնարարեց խիստ հսկողության ներքո պահել թե՛ անվտանգության հարցերը` սկսած բժշկական օգնությունից մինչև հակահրդեհային համակարգ, թե՛ ճաշացանկը` ներառյալ սննդի պահպանման ժամկետներն ու կալորիականությունը։ Պահանջվեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել դեղերի շրջանառությունը, գրանցամատյանների վարումը, կարգուկանոնի ապահովումը, կադրային և մյուս հարցերը:
Նախարարը կարևորեց նաև արտակարգ իրավիճակների դեպքում հոգեբուժական հաստատություններում տարհանման պլանների առկայության հարցը: Արմեն Մուրադյանը հանձնարարեց ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը` երկուշաբթի օրվանից սկսած` յուրաքանչյուր շաբաթ այցելել բոլոր հոգեբուժական հաստատություններ, կատարել մշտադիտարկում , պլանային ստուգումներ և ներկայացնել գրավոր հաշվետվություն:
Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրություններ է կատարում` աշխատանքներն սկսելով Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։ Մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել նաև «Ավան», «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններում` ուշադրության կենտրոնում պահելով դեղերի շրջանառությունը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովումը։
Քննարկվեցին նաև հոգեբուժական հաստատությունների ֆինանսական ու վարչական խնդիրները։ Հանձնարարվեց ուսումնասիրությունների ընթացքում անդրադառնալ հոգեբուժարանների զարգացման ծրագրերին ևս։