Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Խաչատուր Բադասյանը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ 20-ամյա զինծառայողը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ էր, ում ընտանիքն ապրում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում:
Armlur.am-ի հետ զրույցում Հաղթանակի համայնքապետ Վահրամ Շառոյանը տեղեկացրեց, որ այս պահին Խաչատուրի հայրը՝ Լևոն Բադասյանը, արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի դաշնություն, իսկ մայրը գյուղում հողագործությամբ է զբաղվում:
«Շատ լավ տղա էր՝ խելացի, աշխատասեր: Ամեն հարցում ընտանիքին օգնում էր: Փոքր քույրն այս տարի ավարտեց դպրոցը: Ընտանիքը շատ վատ պայմաններում է ապրում: Տունն էլ, որում բնակվում են, իրենցը չէ, բարեկամներից մեկը տվել էր, մինչև իրենց համար կարողանային մի տուն գնել»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ զինծառայող Խաչատուր Բադասյանն աշնանը պետք է զորացրվեր:
Վահրամ Շառոյանի փոխանցմամբ՝ իրեն լուրեր են հասել, որ զոհված զինվորի հուղարկավորությունը կկազմակերպի ԼՂՀ ՊՆ-ն:
Համայնքապետը հայտնեց նաև, որ Խաչատուրի դին այսօր երեկոյան կտեղափոխվի Երևան, իսկ վաղը՝ Հաղթանակ գյուղ:
Ի դեպ, քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Տաթև Հարությունյան