Հեռուստաեթերը գտնվում է նախագահականի տոտալ վերահսկողության ներքո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հայկական հեռուստաեթերն ազատ չէ, մեր երկրի անցուդարձին քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր ոք գիտի: Թեեւ իշխանությունները մշտապես հերքում են հեռուստաեթերի սահմանափակումների փաստը, իսկ լրագրողները խուսափում են հրապարակայնորեն արտահայտվել այդ մասին: Հատկանշական է, որ «Վիկիլիքս»-ի հերթական բացահայտումը վերաբերում է հենց այս խնդրին, որի շուրջ 2006թ. օգոստոսին զեկուցագիր է հեղինակել ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Այս ուշագրավ փաստաթղթում դիվանագետն արձանագրում է, որ հայկական հեռուստաեթերը ամբողջությամբ գտնվում է նախագահականի կողմից իրականացվող բացառիկ վերահսկողության ներքո: Թեպետ նշյալ զեկուցագիրը վերաբերում է 2006թ.-ին, այդուհանդերձ, ներկայումս այս ոլորտում իրական առաջընթաց չկա, իսկ իշխանական վերահսկողությունն ընդամենը նոր` առավել թավշյա ձեւեր է ստացել:

Էվանսը փաստաթղթի սկզբում արձանագրում է, որ մասնավոր զրույցներում հեռուստաընկերությունների մի շարք հաղորդավարներ իրենց տեղեկացրել են լրատվամիջոցների նկատմամբ կառավարության վերահսկողության շարունակական աճի մասին: Հատուկ շեշտվել է, որ դրանք եղել են ուղղակիորեն նախագահի աշխատակազմից: Ավելին՝ վերջինիս ներկայացուցիչները նույնիսկ հրահանգ էին իջեցրել կոնկրետ մի քանի գործիչների հեռուստաեթեր չտրամադրելու մասին: Դիվանագետը փաստում է, որ նման գործողությունները բավականին մտահոգիչ են, հատկապես որ իշխանությունները դրանց զուգահեռ հայտարարում են ազատ ու արդար ընտրությունների մասին:

Նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող վերահսկողությունն ու ճնշումները տեղի են ունենում անմիջականորեն Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այսօր փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ձեռամբ: Դեսպանը հայտնում է, որ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ու ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն իրենց տեղեկացրել են, որ հեռուստաընկերությունները պետք է նախապես համաձայնեցնեն նախագահականի հետ, թե ում հրավիրեն եթեր ու կանոնավոր հաղորդումներ ներկայացնեն իրենց ծրագրերի վերաբերյալ: Հենվելով նույն աղբյուրների վրա՝ դեսպանը ընդգծում է, որ դա պարտադիր է համեմատաբար նվազ իշխանամետ լրատվամիջոցների համար, մինչդեռ լիովին իշխանական հեռուստաընկերություններն, ինչպես օրինակ՝ Հանրայինը, դրա կարիքը չունեն, քանզի ինքնըստինքյան հասկանալի է, թե ինչպիսի քաղաքական դեմքեր չեն կարող հայտնվել դրանց եթերում:

Ներկայացնելով «Կենտրոն»-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանի տեսակետը՝ դիվանագետը նշում է, որ այս լրագրողը ստիպված է իր բոլոր հյուրերին ու հաղորդումները համաձայնեցնել նախագահականի աշխատակազմի հետ: Ղազարյանի պնդմամբ՝ ինքը հաճախ է զանգահարում նախագահական, երբեմն օրվա մեջ մեկ անգամից ավելի` ճշտելու հյուրերի ցուցակը: «Կենտրոն» Հ/Ը հաղորդավարը տեղեկացրել է, որ իրեն թույլատրվում է հրավիրել ընդդիմադիրներին, ավելին՝ անգամ նախագահականն ի՛նքն է առաջարկում հրավիրել որոշ ընդդիմադիրների, սակայն հաճախ ընտրում նրանց, ովքեր քիչ վստահելի են  ու նվազ ինֆորմացված: Ղազարյանը նշել է, որ իրեն անգամ արգելել են նոր քաղաքական հաղորդում սկսել՝ ասելով, թե «Կենտրոն» Հ/Ը-ն բավականաչափ նման հաղորդումներ ունի:

Դիվանագետը հիշատակելով Նավասարդյանի ու Աբրահամյանի պնդումները, մասնավորեցրել է, որ նախագահականն ունի քաղաքական գործիչների ՙսեւ ցուցակ՚, ովքեր չեն կարող հայտնվել հեռուսատեթերում: Պետրոս Ղազարյանը համաձայնել է այս կարծիքի հետ՝ նկատելով, որ նախագահականն իրեն տեղեկացրել է, թե ովքեր չեն կարող հայտնվել եթերում: Ղազարյանի համոզմամբ՝ բոլոր հեռուսատընկերությունները գիտեն, որ իրենց թույլատրված չէ հարցազրույց անել երեք ընդդիմադիր լիդերների հետ՝ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան: Պ.Ղազարյանը հավելել է, որ իրեն արգելվում էր հարցազրույց անել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից որեւէ մեկի հետ: Հատկանշական է, որ 2006-ին, երբ դեռ որեւէ խոսք չկար Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին, ռեժիմը նրա մեջ էր տեսնում իր իշխանավարությանը սպառնացող հիմնական վտանգներից մեկը:

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ «Կենտրոն» Հ/Ը նախկին հաղորդավար, այսօր Հ1-ում հաջողությամբ աշխատող Գեւորգ Ալթունյանը եւս ամերիկացիների առաջ հաստատել է Ղազարյանի՝ վերը ներկայացրած տեղեկությունները: Փաստաթղթի վերջում Էվանսը հիշատակում է Բ.Նավասարդյանի խոսքերն այն մասին, որ հեռուստաընկերություններն իշխանության ճնշումների դեմ պայքարելու փոխարեն միմյանց հետ են մրցավազքի մեջ մտել գրաքննություն անելու հարցում՝ պահանջելով սահմանափակումները պահպանել բոլոր ընկերությունների համար:

Ավարտելով հարցի մանրամասն վերլուծությունը՝ դիվանագետն ընդգծում է, որ իշխանությունն ավելի ու ավելի է ընդլայնում իր վերահսկողությունը էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ: Ըստ նրա՝ մեծացնելով ճնշումները եւ իր տեսադաշտում պահելով այս ոլորտը՝ իշխանությունը կառավարում է հանրությանը մատուցվող տեղեկատվությունը եւ դրա մեկնաբանությունը: Մեր կողմից հավելենք, որ իշխանության տակտիկան այս ոլորտում փոխվել է: Այսօր, ըստ էության, առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ. ինչքան շատ խոսեն եւ բողոքեն եթերում` այդքան ավելի շատ եւ ավելի շուտ կսպառեն դժգոհության հանրային էներգիան: Եթե նախկին բացարձակ շրջափակման պայմաններում հասարակությունն այլընտրանքային տեղեկատվության ուղիներ էր փնտրում, ապա այսօրվա կիսաազատ դրությունը, կարելի է ասել, համեմատաբար բավարար է: Սակայն պետք չէ մոռանալ, որ կիսամիջոցները հաճախ շատ ավելի վտանգավոր են լինում: Ինչպես ասել է մեծերից մեկը` չկա ավելի վտանգավոր բան, քան ճշմարտանման սուտը:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս