Շուտով Հրազդանի քաղաքային գերեզմանոցից կառանձնացվի այն տարածքը, որտեղ թաղված են ազատամարտիկները: Այլ կերպ ասած՝ Հրազդանում կստեղծվի ազատամարտիկների պանթեոն:
Նախաձեռնության հեղինակը Սահակ Կարապետյանն է, ով ապրում եւ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Սահակի եղբայրը՝ Վազրիկ Կարապետյանը, 90-ականներին զորակոչվելով ազգային բանակ՝ մարտի դաշտում զոհվել է:
«Ամեն անգամ եղբորս գերեզմանին այցելելիս ցավ էի զգում, որ մեր տղաները պառկած են այստեղ ու ոչ մեկի կողմից չեն հիշվում, անտեսված են հատկապես ղեկավարության կողմից», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սահակ Կարապետյանը:
Նշենք, որ նա 2013թ-ին իր անձնական միջոցներով սկսեց պանթեոնի շինարարական աշխատանքները: Ազատամարտիկների գերեզմանատունն ամբողողջությամբ պարսպապատվել է, այսօր արդեն վերջնական տեսքի են բերվում մուտքի մեծ պարիսպները:
Հիշեցնենք, որ ազատամարտիկների գերեզմանատունն առանձնացնելու գաղափարը 2008 թվականից քաղաքի ճարտարապետի նախագծով ընդգրկված էր քաղաքաշինության ծրագրում: Իր խոսքում բարերար Սահակ Կարապետյանն անդրադարձավ այս փաստին, ասաց, որ շինարարական աշխատանքների ընթացքում քաղաքային իշխանություններից ոչ մի տեսակի աջակցություն չի ստացել, եւ սա համարում է իր նվերը ոչ միայն զոհված տղաներին եւ նրանց ընտանիքներին, նաեւ քաղաքին ու քաղաքային իշխանությանը:
Արեւիկ Հակոբյան
Հրազդան