Արցախում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծանր մնալ. նրան Երևան չեն տեղափոխի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր հայտնել էր, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Խաչատուր Բադասյանը, ով Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ էր:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել են ևս երկու զինծառայողներ, որոնցից մեկը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչ 19-ամյա Բենիկ Օհանջանյանն է, իսկ մյուսը՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը տեղեկացրեց, որ, ինչպես իրեն է հայտնի դարձել, Բենիկ Օհանջանյանի կյանքին լուրջ վտանգ չի սպառնում, բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնությունը, և այս պահին նրա վիճակը կայուն է:

Իսկ Ստեփանակերտի բուժկենտրոնից Armlur.am-ին հաջողվեց տեղեկանալ, որ զինծառայող Գրիգոր Գրիգորյանի վիճակը ծանր է. հրազենային վիրավորումից վնասվել է Գրիգորի լյարդը և թոքը: Մեզ հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ, նրան Երևան չեն տեղափոխի:




Լրահոս