Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Գևորգ աբեղա Սարոյանի (ներկայիս` Գևորգ եպիսկոպոս)”Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը (1892-1910) եւ լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները” եւ Վալերի Գ. Թունյանի “Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեց” – “Պաշտպան Հայրենյաց” գրքերը: Գևորգ աբեղա Սարոյանն իր աշխատանքում փորձել է վեր հանել և համակողմանի վերլուծության ենթարկել 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին տասնամյակների Հայ Եկեղեցում ծավալված աստվածաբանական զարգացումները, այդ թվում բարենորոգչական շարժման խնդիրները: Աստվածաբանության եւ հայագիտության շրջանակներում առաջին անգամ խորքային վերլուծության ենթարկելով Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի հոգևոր գործունեությունը, աստվածաբանական և եկեղեցագիտական ըմբռնումները` հեղինակը հանգում է այն եզրակացության, որ Երվանդ վարդապետն իր եկեղեցագիտական գործունեությամբ մեծապես նպաստել է Հայոց Եկեղեցու մտավոր կյանքի զարգացմանը, նրա գիտական հեղինակության բարձրացմանը եվրոպացի հայագետների և աստվածաբանների շրջանակներում:Վալերի Թունյանը ռուսալեզու իր մենագրության մեջ ներկայացնում է 19-րդ դարի Հայ Եկեղեցու նշանավոր հայրապետ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի գործունեությունը Ռուսական կայսրության 19-րդ դարի առաջին կեսի քաղաքականության հետ փոխադարձ կապի մեջ: Օգտագործելով ռուսական և հայկական բազմաթիվ արխիվային փաստաթղթեր` հեղինակը Ռուսաստանի, Թուրքիայի և Կովկասի քաղաքական պատկերի վրա նկարագրում է Հայ Եկեղեցու գործունեությունը և կարգավիճակը:Երկու աշխատությունները հրատարակվել են Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
Մայր Աթոռը նոր գրքեր է հրատարակել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ