
Երբ հնդիկ բժիշկները երկուշաբթի օրը վիրահատելիս են եղել 17-ամյա երիտասարդի ստորին ծնոտի ուռուցքը, անսպասելի բան է պատահել. գրում է USA today-ը:
«Փոքրիկ մարգարտանման հատիկներ դուրս եկան՝ մեկը մյուսի հետևից: Սկզբում հավաքեցինք, դրանք իսկապես մարգարտի էին նման: Հետո սկսեցինք հոգնել… վերջում հաշվեցինք՝ 232 ատամ»,-պատմել է 17-ամյա Աշիկ Գավայիի բժիշկը BBC-ին:
Վիրահատությունը տևել է 7 ժամ և իրականացվել չորսհոգանոց բժշկական անձնակազմի օգնությամբ:
Հնդիկ տղայի հետ տեղի ունեցած միջադեպը կարող է ռեկորդային դառնալ պատմության մեջ. նախկինում նման դեպք ևս եղել էր, սակայն այդ անգամ ուռուցքի միջից 37 ատամ էր հանվել: Բժիշկների հաջորդ քայլը կլինի Գինեսի ռեկորդների գրքին դիմելը: