Երեկ, ամփոփելով անցնող տարին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե այս տարին Հայաստանի համար արդյունավետ եւ հաջողված է` չնայած առկա խնդիրներին: Ապա անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատությանը` հավելել է. «Իհարկե, ընդդիմության գործը պետք է քննադատելը լինի, բայց երբ քննադատությունն իր մեջ որեւէ փաստ չի ներառում, այն նմանվում է մանկապարտեզի»:
Միանգամայն համաձայն ենք ՀՀԿ տեսակետը ներկայացնող պարոն Շարմազանովի հետ` այն իմաստով, որ առանց փաստերի քաղաքական հայտարարություններ անելը լուրջ չէ: Ճիշտ այնպես, ինչպես լուրջ չեն, հակառակ այդ փաստերի, սեփական ձախողումները որպես ձեռքբերումներ ներկայացնելու ՀՀԿ-ականների փորձերը:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ անցնող տարում իշխանությունների ձախողումն արձանագրող փաստերին, ապա դրանց պակասը, ցավոք, չկա: Հենց միայն ՀՀ կառավարությանը Սերժ Սարգսյանի տված հանձնարարականը` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին, բավարար է: Ինչպես հիշում ենք, Ս. Սարգսյանն ասել էր, թե այն կառավարությունը, որը կապահովի 7 տոկոսից պակաս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Ամենապրոֆեսիոնալ ցուցանիշանկարիչների ջանքերով անգամ այս տարի ՀՀ կառավարությունը կարողացավ ապահովել շուրջ 4 տոկոս տնտեսական աճ` այդպիսով ձախողելով տրված առաջադրանքը: Սա` մեկ փաստ: Սակայն դրանից հետո անգամ որեւէ ձեւաչափով չքննարկվեց ՀՀ կառավարության հրաժարականի հարցը: Սա էլ` ձախողման երկրորդ փաստը, այս դեպքում արդեն երկրի նախագահական ինստիտուտի եւ անձամբ Ս. Սարգսյանի, որը, փաստորեն, իր չհաշվարկված հրապարակային հանձնարարականներին մինչեւ վերջ հետամուտ չլինելով` ի ցույց դրեց սեփական խոսքի անլրջության աստիճանը:
Իրենց հասցեին հնչող քննադատությունը մանկապարտեզի նմանեցնող եւ գուցե սաստիկ ցրտից հիշողությունը կորցրած ՀՀԿ-ականներին արժե հիշեցնել նաեւ ընդամենը 4 օր առաջ վավերացված գազային խայտառակ համաձայնագիրը, որով ՀՀ-ն վերջնականապես կորցրեց սեփական էներգետիկ համակարգի նկատմամբ վերահսկողությունը: Պակաս փաստ չէ նաեւ 300 միլիոն դոլարի պարտքը, որի մասին անգամ ՀՀ նախկին ֆինանսների նախարարը չէր հիշում: Էլ չասած` Ս. Սարգսյանի կշտամբանքները գազի սակագնի թանկացման շուրջ «հերյուրանքներ տարածողների» մասին: Փաստորեն, նա տեղյակ չէր, որ իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ում գազի գինը 5 անգամ «հերյուրվել էր», ինչի մասին էներգետիկայի նախարարը հանդգնեց «անկեղծանալ» միայն վերջերս:
Չենք ուզում ՀՀԿ-ականների հիշողությունը ծանրաբեռնել ավելի վաղ տեղի ունեցած դեպքերով: Նշենք միայն աշխատավարձերը 2013թ. հունիսի 1-ից բարձրացնելու Ս. Սարգսյանի խոստումը, որը լավագույն դեպքում կարող է իրականանալ միայն 2014թ. ամռանը: Կարծում ենք՝ այս մի քանի փաստերի շարադրումն արդեն բավարար է` «մանկապարտեզի նմանվող» ինքնագովասանքի մեջ ավելի զուսպ լինելու համար: