Սիրելի՛ ընթերցողներ, ավարտին է մոտենում 2013 թվականը: Եվ սա առիթ է` ամփոփելու անցնող տարին: Միայն թե, ցավով պետք է արձանագրենք` 2013 թվականը Հայաստանի համար եղավ ոչ թե ձեռքբերումների ու նվաճումների տարի, այլ, ընդհակառակը, շատ էին ձախողումներն ու կորուստները. հերթական կեղծված ընտրություններ, կրկին ոչ լեգիտիմ նախագահ, ձախողված արտաքին քաղաքականություն, անվստահելի գործընկերոջ համբավ միջազգային ասպարեզում, շարունակվող գնաճ, պետական ունեցվածքի հանձնում օտարին, արտագաղթի ահագնացող աճ, ժողովրդագրական անկում եւ այսպես շարունակ: Ուստի, շնորհավորելով մեր ընթերցողներին գալիք տոների առթիվ, մաղթում ենք, որ 2014թ. լինի խաղաղության, հաջողությունների, ձեռքբերումների ու նվաճումների տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Իսկ մենք կհանդիպենք հաջորդ տարի՝ հունվարի 15-ին:
Տարեմուտի վերջին հարցազրույցը «Ժողովուրդ» օրաթերթն անցկացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Բացի ոստիկանական թեմաներից՝ Գասպարյանի հետ խոսեցինք նաեւ 2013-ի քաղաքական նորամուծության մասին, երբ նա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու: Ի դեպ, աղոթքից հետո կարծես թե Րաֆֆի Հովհաննիսյանն «անհետացել» է քաղաքական դաշտից: «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ»,-հետաքրքրվեցինք Գասպարյանից: «Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անհետացել է քաղաքական դաշտից: Եվ կարծում եմ, որ ոչ թե աղոթքը պետք է տարօրինակ համարել, այլ ժամանակն է, որ տարօրինակ համարվի զոռբայությունը»,-պատասխանեց ՀՀ ոստիկանապետը:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը 2013թ. ավարտում է մեկ լուրջ ձեռքբերմամբ. այն կրկին միավորված է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, որ տարաձայնությունների պատճառով տեւական ժամանակ խզել էին իրենց կապը խմբակցության հետ, սկսել են մասնակցել ՀԱԿ նիստերին ու ակտիվ համագործակցել իրենց գործընկերների հետ: Երեկ էլ տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության տարեվերջյան ամփոփիչ նիստը: Կոնգրեսի 7 պատգամավորները միասին ստորագրել ու շրջանառության մեջ են դրել «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխումներ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով առաջարկում են բացառել ԶՈՒ ներգրավվածությունն արտակարգ դրության ժամանակ:
Հայաստանի ժողովրդագրական վիճակը գնալով աղետալի է դառնում, եւ այդ փաստն ամրագրված է նաեւ ՀՀ պաշտոնական վիճակագրության մեջ: ՀՀ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է 2011թ. անցկացված մարդահամարի վերջնական տվյալները: Ըստ այդմ՝ 2011թ. ՀՀ-ում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ, մինչդեռ 2001թ. մարդահամարի տվյալներով բնակչության թիվը 3 մլն 2 հազար 594 է: Այլ կերպ ասած՝ տասը տարվա մեջ ՀՀ առկա բնակչության թիվը նվազել է 130 հազար 823-ով: Սակայն հասկանալի է, որ մարդահամարի տվյալներն ամբողջովին չեն ներկայացնում իրական թվաքանակը: Եթե հաշվի առնենք արտագաղթի ծավալները, ապա դժվար չէ կռահել, թե իրականում ՀՀ բնակչությունն ինչ վիճակում է: Քաղաքական շրջանակները կատակում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է 4 մլն, Ռոբերտ Քոչարյանը` 3 մլն, իսկ Սերժ Սարգսյանը` 2 մլն քաղաքացու ղեկավար: