ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՈԹԱԼԻ ՎԻՃԱԿ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հայտնվել էր խղճահարույց վիճակում. նա թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել` ոստիկանական պատնեշով շրջափակված: Ավելին, լրագրողներին եւս թույլ չեն տվել ներկա գտնվել «դարի մեծագույն գիտնականի» «պատմական պաշտպանությանը»:
Տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողներ ուսխորհրդի ղեկավար ՀՀԿ-ական Սեւակ Խաչատրյանի գլխավորությամբ լրագրողների առաջ «պատ են կազմել»` արգելելով համալսարան բարձրանալ, վիճել, հայհոյել ու քաշքշել են նրանց: Լրագրողների դեմ երիտհանրապետականների այս անձնուրաց «պայքարից», թերեւս, դժվար չէ ենթադրել, թե ինչպիսի մթնոլորտում է անցել «դարի մեծագույն գիտնականի» ատենախոսության պաշտպանությունը. քծնանքին սովոր դասախոսական կազմի հետ Տարոնը հավանաբար ջան է ասել ու ջան լսել, ձեռքի հետ էլ մեկ-երկու հարցի պատասխանել: Պատահական չէ, որ Տարոն Մարգարյանի գիտական ղեկավարը նույն համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն է եղել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում վճարովի գրվում են ոչ միայն կուրսային աշխատանքներ կամ մագիստրոսական թեզեր, այլեւ կարելի է հենց ղեկավարին պատվիրել թեկնածուական ատենախոսություն մոտ 2-5 հազար դոլարի սահմաններում: Կ. Աթոյանը երեկ փորձել է հանդարտեցնել միջադեպը եւ լրագրողների հետ հանդիպելով՝ դժգոհել է, որ պատմության մեջ չի եղել դեպք, երբ լրագրողները լուսաբանեն ատենախոսության պաշտպանությունը:
Շտապենք հիասթափեցնել. ժամանակին ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունը լուսաբանել են նաեւ լրագրողները: Եվս մեկ հիշեցում. ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը պատիժ է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար. երիտհանրապետականների պահվածքը համապատասխանում է ՔՕ այս հոդվածի հատկանիշներին, ինչի առիթով մի շարք լրագրողներ ստորագրահավաք են սկսել:

 

 

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

«Ժողովուրդ»-ին ԼՂՀ իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ մի քանի մտերիմ պաշտոնյաներ երեկ Սերժ Սարգսյանի հետ մեկնել են Ստեփանակերտ: ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, ՏԿ նախարար Գ. Բեգլարյանն ու մի շարք այլ ՀՀԿ-ականներ այնտեղ կմասնակցեն Ս. Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի «7»-ին:

 

 

 

ԽԱԲՎԵԼ ԵՆ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հերթական անգամ խաբվել են: Նրանք դեռ շարունակում են պահանջել իրենց 16 ամսվա չստացած աշխատավարձերը: Հուսահատված աշխատակիցները չգիտեն, թե ինչ անեն, քանի որ վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերի 3-ին, իսկ առջեւում Ամանորն է: Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է՝ նրանք պահանջում են իրենց աշխատավարձերը, իսկ գործարանը չի աշխատում, ինչի համար էլ ավելի քան 2000 աշխատակիցներ 2/3-ով հարկադիր պարապուրդի մեջ են:




Լրահոս