ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՏԵՍՎԱ՞Ծ ՉԷՐ

Չնայած պաշտոնական հրավերքին` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել նախօրեին Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենսիա» ռեստորանում ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի կազմակերպած միջոցառմանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե ինչու Գ. Ծառուկյանը չի չմասնակցել միջոցառմանը՝ չնայած այն բանին, որ նախարարը հրավիրատոմս էր ուղարկել: «Պարոն Ծառուկյանի աշխատանքային գրաֆիկում երեկ նման միջոցառման մասնակցություն նախատեսված չէր»,-ասաց խոսնակը` չմանրամասնելով պատճառները: Նշենք, որ ՀՀ սպորտի նախարարի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում պարգեւատրվել են 10 լավագույն մարզիկները, բոլոր պաշտոնյաները պարել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

 

 

ՄՆԱՑ ՓԵՏՐՎԱՐԻՆ

Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «ՀՀ քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» եւ մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Նիստի ընթացքում նշվել է, որ այդ օրենքների ընդունմամբ կամրապնդվի քննչական մարմինների անկախությունը, ու կմեծանա քրեական գործերի նախաքննության արդյունավետությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նոր ձեւավորվելիք միասնական քննչական մարմնի նախագահի տեղակալ Արամ Թամազյանից պարզել, թե, ի վերջո, երբ է ՄՔՄ-ն սկսելու իր լիակատար գործունեությունը. «Օրենքների ընդունումից հետո: Պետք է հաստատվի նաեւ ԱԺ-ում, երեւի արդեն փետրվարին կլինի: Օրենքի ընդունումից հետո՝ 30 օրվա ընթացքում, պետք է նշանակվի կոմիտեի նախագահ՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ, ՀՀ նախագահի կողմից, հետո արդեն մնացածը»:

 

 

 

ՀԱՎԿԻԹՆԵՐՈՎ

Երեկ «Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի առաջ, որից հետո ուղեւորվել են Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Արցախբանկ»: Տուժած բնակիչները, տեսնելով, որ բանկի դռները չեն բացում, սկսել են հավկիթներով հարվածել ապակիներին: Նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերությունը սնանկ է ճանաչվել, ինչի արդյունքում շենքը գրավադրվել է «Արցախբանկ»-ում:




Լրահոս